Միջազգային Տեսանյութեր 

Հրեա ծայրահեղականները փորձել են բարձրանալ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիրն ու դրոշները

analitik.am

Երուսաղեմում փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։

Նա հայտնել է, որ հունվարի 28–ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղական Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալու ընթացքում փորձել են նախ խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս են եկել փողոց և հարվածներ հասցրել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային։

Երիտասրադները դուրս են եկել մեքենայից, և քաղաքակիրթ հարցրել, թե ինչո՞ւ են հարվածում մեքենային, և նաև նշել, որ իրենք հարգում են հրեաներին, սակայն  դրան ի պատասխան հրեաներից մեկը հայտնել է․ «Դուք այստեղ թաղմաս չունեք։ Սա մեր երկիրն է, գնացեք մեր երկրից»։

Դիվանապետը գրել է․«Եւ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաեւ մե՛ր երկիրն է, մեր տունը այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնուել, ուրիշ տեղ չունենք գնալու», միւս ծայրայեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին եւ երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպէսզի ոստիկաններին յանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցութիւնը թոյլ չի տուել եւ հայ երիտասարդին, ընկերը տեղափոխել է հիւանդանոց:
Հիւանդանոցից վերադառնալուց յետոյ, հայ երիտասարդները բողոք են ներկայացրել ոստիկանութիւն: Ոստիկանները յայնտաբերել են երկու հրեայ ծայրայեղականներին եւ ձերբակալել նրանց: Նրանցից մէկին լուսաբացին ազատ են արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալուած է:
Այս դէպքից մէկ ժամ անց, հրեայ ծայրայեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք եւ հանել պատրիարքարանի խաչակիր եւ Հայաստանի Հանրապետութեան դրօշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները նկատելով այդ՝ մօտեցել և արգելել են հրեայ ծայրայեղականների գործողութիւնները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել աւելի փոքր խմբով, այս անգամ դիմակաւրուած:
Դիմակաւոր ծայրայեղականները նորից փորձել են կռիւ հրահրել, հայ երիտասարդների ուղղութեամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին եւ փախել ոստիկանութեան ուղղութեամբ: Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, եւ երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց՝ բղաւել են. «Տեռորիստական յարձակո՜ւմ, տեռորիստական յարձակո՜ւմ»:
Ոստիկանները կարծելով, որ հրեայ ծայրայեղականների բղաւոցները ճիշտ են՝ փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զէնքերը պահելով նրանց վրայ՝ ծեծի են ենթարկել մի քանիսին, եւ նրանցից Գևորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանութիւն, այն մեղադրանքով թէ վերջինս յարձակուել է ոստիկանի վրայ, որը իրականութեան հետ աղերս չունի:
Գէորգ Քահկէճեանին մի գիշեր պահել են ոստիկանութիւնում, յաջորդ օրը՝ Յունուարի 29-ին, կէսօրից յետոյ, Նորին Ամենապատուութիւն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր անմիջական միջամտութեամբ եւ դատարանի որոշմամբ Գէորգ Քահկէճեանը ազատ է արձակուել եւ տրուել է 20-օրեայ տնային կալանք: Եւ քանի որ Գէորգ Քահկէճեանը ունի մարմնական վնասուածքներ, վանքի փաստաբանի միջնորդութեամբ ոստիկանութիւնը թոյլ է տուել, որ վերջինս բժշկական հետազօտութիւն անցնի»:

 

Նույն շարքից