Միջազգային 

Կրեմլը հերքել է Ջոնսոնի՝ Պուտինի մասին հայտարարությունը

analitik.am

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողությունից առաջ իր հետ զրույցում սպառնացել է Լոնդոնին, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, պարոն Ջոնսոնի ասածը ճիշտ չէ: Ավելի ճիշտ՝ դա սուտ է»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:

Նրա խոսքով` քաղաքական գործչի ասածը կարող է լինել «կանխամտածված սուտ», և հետո Ջոնսոնն ինքը պետք է պարզաբանի, թե ինչ նպատակով է արվել այս հայտարարությունը։ Բացի այդ, խոստովանել է Պեսկովը, նախկին վարչապետը կարող է հասկացած չլինել, թե ինչ է ասել իրեն Պուտինը, և այդ դեպքում դա կլինի «շատ անհարմար իրավիճակ»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը «Պուտինն ընդդեմ Արևմուտքի» վավերագրական ֆիլմում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց առաջ ունեցած իր զրույցի մասին:

Պարբերականի հաղորդմամբ՝ Ջոնսոնը «արտառոց ու շատ երկար» զրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, որի ժամանակ սպառնացել է Պուտինին Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումով։

«Նա ասաց․ «Բորիս, Դուք ասում եք, որ Ուկրաինան առաջիկայում չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը»: Եվ ես ասացի. «Դե, նա չի նախատեսում մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին: Դուք դա շատ լավ գիտեք»»,- հայտարարել է Ջոնսոնը։

«Մի պահ նա ինձ սպառնաց և ասաց. «Բորիս, ես չեմ ուզում քեզ վնասել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի»,- Ջոնսոնի պնդմամբ՝ ասել է Պուտինը:

Բրիտանացի քաղաքական գործչի խոսքով՝ Պուտինի հետ զրույցում նա պնդել է, որ Ուկրաինայում պատերազմ սկսելը «կատարյալ աղետ» կլինի։ Ջոնսոնը նաև խոստացել է, որ Լոնդոնը կաջակցի Կիևի իշխանություններին։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քիչ հավանական էր այս հարցում Գերմանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշումների պատճառով։

Նույն շարքից