Միջազգային 

Միխեիլ Սաակաշվիլին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին օրհասական վիճակում պալատից տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, ասել է նրա հիմնադրած «Միավորված ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չիլաձեն։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Ես հենց նոր խոսել եմ անձնական բժշկի հետ… Նախագահի (խմբ.՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի) առողջական վիճակը օրհասական Է, նրա կյանքը փրկելու համար կարևոր է, որպեսզի նա տեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։

Այս պահին վերակենդանացման բաժանմունքը պատրաստվում է»,- լրագրողներին հայտնել է Չիլաձեն։ Սաակաշվիլիի ընտանիքի անդամներն ամեն օր հայտնում են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։ Ավելի վաղ անկախ բժիշկները հայտնել էին, որ Սաակաշվիլին թունավորվել Է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանում քննարկվում է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետի իրագործումը հետաձգելու հնարավորության շուրջ գործը՝ արտասահմանյան կլինիկայում նրա բուժման նպատակով։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում 2021 թ. հոկտեմբերի 1-ին, նա անցնում Է մի քանի քրեական գործերով։ Քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, երկրորդում՝ 6 տարվա։

Բացի այդ, նա մեղադրյալ Է 2007 թ. նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ծեծուջարդի և պետբյուջեի միջոցների վատնման գործերով. դրանք դեռ քննվում են դատարանների կողմից։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին դեռ երկար կմնա բանտում, նա կկրի ամբողջ սահմանված պատիժը։

Նույն շարքից