Բարի օր Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը սկսել է ազդե՞լ Նիկոլ Փաշինյանի նյարդերի վրա

analitik.am

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ «մատ թափ տվեց» Տիգրան Ավինյանի վրա՝ ամենայն հավանականությամբ, փորձելով վերջինիս հիշեցնել, որ կինոյի հերոսն ինքն է ու թող ոչ ոք չփորձի «ուժեղ տղու» կերպար խաղալ։

Մասնավորապես՝ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Երևանի հուսահատության գազելների մասին՝ խնդրելով, որ ներկայացնի, թե կառավարությունն ինչքան ներդրում ունի, ինչպես նաև ներկայացնի, թե վերելակների արդիականացման մասով ինչ վիճակ է։ Հարցը կարելի էր համարել ուշադրություն չգրավող, եթե առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններ չլինեին, ինչպես նաև, եթե Տիգրանն Ավինյանը «կաշվից դուրս» չգար՝ ցույց տալու համար, թե «ինչեր է անում և անելու Երևանի համար»: Նիկոլ Փաշինյանը, փոխարենը հորդորեր այդ հարցով դիմել Երևանի քաղաքապետարանին, ինչպես կաներ յուրաքանչյուր ադեկվատ ղեկավար, որի կուսակցության անդամը մոտ ապագայում առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու, սկսեց պատմել, որ քաղաքապետարանի կողմից արվող և արվելիք գրեթե ամեն ինչ արվում է կառավարության հովանու և ֆինանսավորման ներքո։

Բաց թողնելով Նիկոլ Փաշինյանի երկարաշունչ պատասխանը վերելակների մասով, առ այն, թե իրենք շատ կուզեն, որ վերելակներն ավելի շատ ծավալով փոխվեին, քան փոխվում են, բայց դա հնարավոր չէ, քանի որ այդքան չեն կարողանում արտադրել, ներմուծել, տեղադրել, պետությունը փող չունի և այլն, անդրադառնանք ամենահետաքրքիր հատվածին, երբ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանին կառավարությունը հսկայական միջոցներով աջակցել է և շարունակում է աջակցել։

«Առաջին՝ Երևանում գործնականում այդպիսի բան տեղի չի ունեցել, որ կապված չլինի մեր 2017-2018 թվականների նախընտրական ծրագրերի հետ և երկրորդը՝ բոլոր ծրագրերը տեղի են ունեցել կառավարության աջակցությամբ»,- ասաց Փաշինյանը։

Տարօրինակ ոչինչ էր լինի այս պատասխանում, եթե Տիգրան Ավինյանն օրնիբուն զբաղված չլիներ իդեալական քաղաքապետի կերպարի կերտմամբ՝ փորձելով ցույց տալ, թե ինչ տեղի է ունենում Երևանում՝ իր շնորհքն է։ Նիկոլ Փաշինյանն իր այս պատասխանով, փաստացի, ջարդուփշուր արեց Ավինյանի արդեն իսկ փխրուն «փիառ ակցիան», նաև Ավինյանին հասկացրեց, որ «հանգիստ նստի իր տեղը» և չփորձի հանկարծ հերոս ձևանալ, քանի որ քաղաքապետարանում տեղի ունեցած որևէ բանի հետ Տիգրան Ավինյանը կապ չունի։

Փաշինյանն անդրադարձավ նաև ավտոբուսների թեմային՝ մանրամասն ներկայացրեց իրավիճակը՝ հերթական անգամ ընդգծելով, որ փոփոխությունները կառավարության նախագծերն են, այլ ոչ թե քաղաքապետարանի։

Եվ ամենակարևոր հարվածն Ավինյանին Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծի մասով էր․ մինչ Ավինյանն ինքնամոռաց փիառ է անում այդ նախագիծը՝ փորձելով ցույց տալ, թե ինչ «կրուտոյ» քաղաքապետ է լինելու ինքը, ինչ ծրագրեր ունի, Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ կառավարությունն է պատվիրել նախագիծը, կառավարությունն էլ ֆինանսավորելու է շինարարությունը։

Այսքանով կարող ենք եզրակացնել, որ Երևանու ավագանու ընտրություններում, փաստորեն, Տիգրան Ավինյանը լինելու է ոչ թե քաղաքապետի ՔՊ թեկնածուն, այլ Նիկոլ Փաշինյանի աշխատողը քաղաքապետարանում, ինչն արդեն իսկ ժողովրդավարության սկզբունքների լրջագույն խախտում է։

Նույն շարքից