Այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ Երևանի ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց հնարավորությունը բաց չթողնել և քարոզչական ելույթներ ունենալ, սակայն, ինչպես ասում են՝ хотел как лучше, получилось как всегда: Նույնիսկ այս փոքր չստացված ելույթից արդեն պարզ է, որ Ավինյանը քաղաքապետ դառնալու դեպքում որդեգրելու է ոչինչ չանելու և ներողություն խնդրելու գործելաոճը:
Ավինյանը ներողություն խնդրեց, քանի որ դեռևս մարտի 1-ից պետք է գործարկվեին նոր ավտոբուսները, բայց դա տեղի չի ունեցել, ու սկսեց երկար պատմել, թե ինչու: Հերթական անգամ՝ մեղավոր են «նախկինները», քանի որ ինչ-որ արատավոր պրակտիկա է եղել, հիմա էլ դե այդ պրակտիկայի հետևանքներն իրենք իրենց կաշվի վրա են զգում:
Պատմեց, որ մեկնել է Լեհաստան, այնտեղ խոսել վրաց գործընկերների հետ, անհասկանալի է, իհարկե, թե ինչու են Լեհաստանում վրաց գործընկերների հետ խոսել, ինչևէ: Փաստն այն է, որ պետք է մարտի 1-ից գործարկվեին նոր ավտոբուսներ, սակայն դա քաղաքապետարանը չի կարողացել անել, ավելին՝ հստակ չգիտի էլ, թե երբ կարող է անել, քանի որ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին, թե երբ են ի վերջո այդ ավտոբուսները դուրս գալու երթուղի, Ավինյանն ասաց՝ «մոտավորապես 20 օրից մինչև մի ամիս»:
Այս փոքր դրվագից արդեն կարող ենք եզրակացնել, թե ինչ ցեխաջրի մեջ են հայտնվելու Երևանի բնակիչները, եթե Ավինյանը հանկարծ դառնա քաղաքապետ: Ի դեպ, Տիգրան Ավինյանի փոխքաղաքապետ դառնալու պահից սկսած Երևանի քաղաքապետարանում հազարներով հարցեր, դիմումներ ու բողոքներ են կուտակվում, յուրաքանչյուր գործի ընթացք տալն ամիսներ է տևում, շատ հարցեր այդպես էլ մնում են օդից կախ, քաղաքում առկա ոչ մի խնդիր նորմալ լուծում չի ստանում, քանի որ ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի մոտ ժամանակի զգացողությունը չափվում է ոչ թե կոնկրետ ժամկետներով, այլ մոտավորապեսով, և բոլոր իրավիճակներում Ավինյանը կարող է ընդունել ինչ-որ ռոմանտիկ ֆիլմի հերոսի դեմքի արտահայտություն և ներողություն խնդրել, ինչ վերաբերում է փաստացի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, ապա վերջինիս ընդհանրապես հետաքրքիր չի որևէ բան անել քաղաքապետարանում: