Բարի օր Քաղաքականություն 

Ո՞ւմ է ծառայեցնում իր ջանքերը Տիգրան Ավինյանը

analitik.am

Այսօր ձերբակալվեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

Եթե առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններ չլինեին, գուցե որևէ տարօրինակ բան չլիներ վերջին շրջանում տեղի ունեցող ձերբակալությունների մեջ: Հնարավոր է՝ նույնիսկ մտածեինք, թե վերջապես կոռուպցիայի դեմ պայքար խոստացած ձախողված իշխանությունները որոշել են կատարել իրենց խոստումը, սակայն այդպես կարող է մտածել միամիտ ու ՔՊ-ականներին առաջին անգամ տեսնող, ինքնախաբեության հակված մեկը:

Տարօրինակ է նաև այն, որ երկիրը փաստացի գտնվում է հնարավոր պատերազմի նախաշեմին, սակայն ՔՊ-ն, չգիտես ինչու հենց հիմա է որոշել զբաղվել բոլոր այն թեմաներով, որոնք կարող են սև բիծ թողնել Ավինյանի վրա: Հետևաբար, տեղի ունեցողին ավելի խորը նայելու դեպքում, պարզ է դառնում, որ ամեն ինչ արվում է Տիգրան Ավինյանին «մաքրելու» համար:

Մի կողմից Covid-19 -ի դեմ պայքարելու ժամանակահատվածում տեղի ունեցող բացթողումների, չարաշահումների թեմայից են Ավինյանին հանում՝ չնայած որ վերջինս եղել է ամբողջ գործընթացի փաստացի ղեկավարն ու պատասխանատուն: Պարետն այդ ընթացքում ունեցել է գրեթե վարչապետին հավասար լիազորություններ, սակայն անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ մեղավոր է միայն Արսեն Թորոսյանը, իսկ Տիգրան Ավինյանին ոչ ոք չի հիշում:

Մյուս կողմից Տիգրան Ավինյանը եկել է Երևանի քաղաքապետարան և սկսել է «զբաղվել» կոռուպցիայի բացահայտումներով՝ քաղաքապետարանում բուռն ձերբակալություններ են, իսկ ինքն էլ որպես «անմեղ», «նվիրված», «սուրբ» կերպար կոչ է անում նախաքննության մարմնին իրականացնել լրիվ և բազմակողմանի բացահայտում, հորդորում է քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների բոլոր աշխատակիցներին ծառայեցնել իրենց ջանքերը բացառապես մայրաքաղաքին: Հետաքրքիր է միայն, թե Տիգրան Ավինյանն ո՞ւմ էր ծառայեցնում իր ջանքերը, երբ 2019 թվականին մարտի 1-ին, լինելով ՀՀ փոխվարչապետ, բարեգործական էր որակել Սորոսի «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի կողմից 2019-2020-ին իրականացվող 3 203 600 ԱՄՆ դոլարի արժողությամբ ծրագիրը:

Հիշեցնենք, որ Սորոսի ինստիտուտը Հայաստանում ոչ թե իրավաբանական անձ է, այլ հանդիսանում է Լիխտենշտեյնում գրանցված կազմակերպության մասնաճյուղ, իսկ Լիխտենշտեյն էլ իր հերթին օֆշորային գոտի է: Այս մասին մանրամասն ուսումնասիրություն դեռևս կտրամադրենք, մինչ այդ զուտ նշենք, որ շատ վատ քարոզարշավի մեկնարկ է յուրայիններին կալանավորելու, «փուռը տալու» հաշվին սպիտակ ձեռնոցներով երևալու քաղաքականությունը:

Նույն շարքից