Քաղաքականություն 

Տեսակետ կա, որ, եթե զարգացնենք հարաբերությունները Իրանի ու ՌԴ-ի հետ, կհաղթենք Ադրբեջանին, մենք այդ տեսակետին չենք․ ՔՊ-ական պատգամավոր

analitik.am

Ընդդիմությունը մեզ անընդհատ մեղադրում էր, որ մենք ՌԴ-ի հետ սխալ քաղաքականություն ենք վարում, հիմա Ռուսաստանը քարտերը բացեց։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը ներկայացրեց Ռուսաստանի պատկերացումները Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, ԼՂ-ի մասին է խոսքը։ Իմիջայլոց Լավրովը Լեռնային բառը չօգտագործեց, տպավորություն էր, որ Ալիևն է խոսում, որովհետև Ալիևն է այդպես ասում։ Հիմա ադեկվա՞տ է ընդդիմության արձագանքը Լավրովի պահվածքին»,- ասաց պատգամավորը։

Խաչատրյանը ասաց, որ իշխանությունը զբաղված է ժողովրդին տված իր խոստումները կատարելով։

«Մենք ոչինչ չենք թաքցնում ժողովրդից, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք լուծումները ու փորձում ենք ձևավոևել համագործակցային լայն դաշտ, որ Հայաստանը, ինչպես 44-օրյայի ժամանակ էր, հանկարծ մենակ չհայտնվի»,- նշեց Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ իրենք խոստանում են խաղաղություն, բայց միևնույն ժամանակ հայտարարում, որ խաղաղության պայմանագիրը չի բերելու այդ խաղաղությունը, ինչպե՞ս հասկանա ժողովուրդը, պատգամավորը ասաց․

«Հենց այդպես էլ թող հասկանա։ Երբ մենք հռչակեցինք խաղաղության դարաշրջանի հաստատում, ասել ենք, որ դիմադրությունը շատ մեծ է լինելու ու այնպես չէ, որ մենք ցանկացանք խաղաղություն, ու բորոը դրան համաձայնվեցին։ Մենք հիմա խաղաղության պայմանագիրը մշակում ենք այնպես, որ իր մեջ չպարունակի պատերազմ սկսելու վտանգներ։ Բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում էր տալ ձևակերպումներ, որի իրականացումը կարող է լեգիտիմացնել ուժի գործոնը։ Այնպես չէ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, միևնույն է դա խաղաղության երաշխիք չէ, որովհետև գործ ունենք նենգ, մեծ հնարավորություններ ունեցող հարևանի հետ»։

Պատգամավորը ասաց, որ իրենց նպատակն է, որ Արցախը չհայաթափվի։

«Ոչ թե խնդիրը դրված է, որ Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն, ո՞վ չի ուզի, ես էլ շատ կուզեմ, որ ճանաչվի, բայց չպետք է բառախաղով զբաղվենք։ Տեսակետ կա, որ, եթե մենք հարաբերությունները զարգացնենք Իրանի ու ՌԴ-ի հետ, կհաղթենք Ադրբեջանին, մենք այդ տեսակետին չենք։ Մենք ասում ենք՝ պետք է համագործակցությունը ավելի ընդլայնել և մեկի հետ չկապել մեր ապագան»,- նշեց իշխանական պատգամավորը։

Նույն շարքից