ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտի տարածած հաղորդագրությունից, Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Քրիստինա Քվինին դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ: Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել նախընթաց շրջանում ԱՄՆ դեսպանատան մասնակցությունը երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցության խորացման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, ոլորտային բարեփոխումների և հանցավորության դեմ պայքարում Հայաստանի ներուժի զարգացման գործում։
Արգիշտի Քյարամյանը նշել է, որ համագործակցության արդյունավետությունն արտացոլվել է անդրազգային բնույթ ունեցող և տեխնոլոգիական զարգացման շնորհիվ առավել բարդ դրսևորումներ ստացող հանցատեսակներով բացահայտումների քանակական աճով, իսկ պայքարի արդյունավետ նոր մեթոդների յուրացումը, տեխնիկա-տեխնոլոգիական հագեցվածության շարունակումը նպաստում են ավելի շոշափելի ձեռքբերումներին։
Քննարկվել են առցանց հարթակներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացմանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ համակարգերի փոխգործակցությանը, այս ոլորտներում ՀՀ ՔԿ քննիչների հմտությունների զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև իրավական փոխօգնության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Դեսպանին ներկայացվել է ԱՄՆ աջակցությամբ հզորացված՝ ՀՀ ՔԿ-ում գործող համակարգչատեխնիկական լաբորատորիան։ Նա ծանոթացել է ինչպես ՔԿ ստորաբաժանումներում, այնպես էլ քննչական այլ մարմիններում քննվող վարույթներով համակարգչային համակարգերը թվային խուզարկության ենթարկելու, թվային հետքեր հայտնաբերելու և վերականգնելու լաբորատորիայի հնարավորություններին։