Բարի օր Քաղաքականություն 

«Նախկինները վերադառնում են»

analitik.am

2018-ից ի վեր բոլոր գիտակից մարդկանց տանջում է մի անպատասխան հարց. ինչի՞ էր պետք զուտ պաշտոնյա դերակատարների փոփոխության անունը դնել հեղափոխություն, այն էլ թավշյա, պողպատյա… Այդպես էլ անհայտ մնաց, թե այդ ո՞ր ՀՀ քաղաքացուն էր պետք, որպեսզի ունենայինք այդքան հողային, մարդկային կորուստներ, աշխարհում ամենահին ազգից վերածվեինք ինչ-որ ողորմելի, ծիծաղելի ազգի զուտ նրա համար, որպեսզի Պետրոսին փոխեինք Պողոսով, ում ազգային ջանքերով փողոցից բերել ենք, պետք է կերակրենք, հարստացնենք, տուն, մեքենա, ամառանոց, Եվրոպայում գոնե մեկ-երկու բնակարան գնենք, երեխաներին, թոռներին ապահովենք:

Ճիշտ է՝ Պողոսը խոստացել էր, որ Պետրոսի «թալանածը» հետ է բերելու, բայց առարկայական ոչինչ այդպես էլ չտեսանք, իսկ Պողոսի՝ Պետրոսի «թալանչի ձիրքերին» ամեն կերպ տիրապետելու ձգտումն օրեցօր ավելի ակնհայտ է դառնում:

Օրինակ՝ հետևենք Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ թեկնածու, ձախողված պարետ Տիգրան Ավինյանի «եռանդուն» քարոզարշավին:

Տիգրան Ավինյանի ՖԲ էջ մտնելիս մի տեսակ նոստալգիկ տրամադրություններ են առաջանում, սկսում ենք հիշել Տարոն Մարգարյանին, ում ՔՊ-ն ինչի մեջ ասես մեղադրեց, բայց ոչ մի կոնկրետ գործողություն այդպես էլ չարեց: Ամենայն հավանականությամբ, Տիգրան Ավինյանը փոքր ժամանակ երազել է դառնալ Տարոն Մարգարյան, և գուցե հանուն Տիգրանի մանկական երազանքի էլ, «թալանչի նախկին» Տարոն Մարգարյանին ՔՊ-ն հանգիստ է թողել:

Այլ բացատրություն չի կարող լինել Տիգրան Ավինյանի կողմից Տարոն Մարգարյանի լուսանկարները գրեթե նույնությամբ կրկնելուն:

Ուշադրություն դարձրեք՝ մի կողմից մենք գործ ունենք «թալանչի նախկին»-ի հետ, մյուս կողմից՝ այդ «թալանչի նախկինից» ժողովրդին իբր փրկող հեղափոխականի հետ: Որևէ պարագայում այդ երկուսը չեն կարող ինչ-որ ընդհանրություն ունենալ, բայց փաստն այն է, որ Ավինյանը կրկնում է ոչ միայն Տարոն Մարգարյանի քարոզչական խոստումները, այլ անգամ լուսանկարվելու դիրքերն ու մթնոլորտը:

Ի վերջո, ի՞նչ իմաստ ուներ 2018-ի իբր հեղափոխությունից հետո հասնել Տարոն Մարգարյանի հրաժարականին, եթե 2022-ին ՔՊ-ն որպես քաղաքապետի թեկնածու առաջադրելու էր Տարոն Մարգարյանի չինական տարբերակին, ում անվան շուրջ արդեն իսկ «կոռուպցիոն» պատմություններ են պտտվում:

Նույն շարքից