Բարի օր Քաղաքականություն 

Երևանի քաղաքապետարանը համագործակցու՞մ է թալանի մեջ մեղադրվող ընկերության հետ

analitik.am

2018 թվականից ի վեր ՔՊ-ն գոռում է կոռուպցիան արմատախիլ անելու մասին, ելույթներ ունենում, տարբեր հարթակներում «գլուխ գովում», սակայն «թալանչի նախկինների» ճնշող մեծամասնությունը շարունակում է հանգիստ ապրել, բարգավաճել և համագործակցել ՔՊ-ի հետ: Ժամանակ առ ժամանակ տարբեր իրավապահների կողմից հաղորդագրություններ են տարածվում կոռուպցիոն բացահայտումների մասին, ինչ-որ երկրորդական պաշտոններ զբաղեցնող անձանց ձերբակալություններ են տեղի ունենում, սակայն հետո աղմուկն անցնում է և անհայտ մնում, թե ինչ եղավ այդ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ճակատագրերի հետ:

2020 թվականին ԱԱԾ-ն նման մի հաղորդագրություն տարածեց. նշվում էր, որ ԱԱԾ-ն շարունակում է հավատարիմ մնալ կոռուպցիան արմատախիլ անելու իր կողմից որդեգրած սկզբունքներին և բացահայտել են առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք Երևանի քաղաքապետարանում: Խոսքը Երևանի քաղաքպետարանի կողմից «Դավարս» ՍՊԸ-ին կոնկրետ աշխատանքներ կատարելու համար տրված գումարների մասին էր:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտման դեպքերը, ստորագրել են ընկերության ծառայողների կողմից ուռճացված տվյալներով կազմված կատարողական ակտերը, ինչպես նաև՝ աշխատանքների ու ծառայությունների մատուցման ընդունման-հանձնման արձանագրությունները։ Նշվում էր, որ արդյունքում՝ 2015-2019 թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1.862.000.000 ՀՀ դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450.000.000 ՀՀ դրամի պետական միջոցներ:

Մեզ հայտնի չէ, թե ինչ ճակատագիր ունեցավ վերոնշյալ քրեական գործը, արդյոք վերադարձվեցին հափշտակված գումարները, գտնվեցին և պատասխանատվության ենթարկվեցի՞ն գումարի հափշտակման մեջ մեղադրվող անձինք, սակայն մի բան փաստ է, որ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված լինելու մեջ մեղադրվող ընկերության հետ ՔՊ-ն շարունակում է համագործակցել առ այսօր, և նույն Երևանի քաղաքապետարանը շարունակում է գումարներ տրամադրել «Դավարս» ՍՊԸ-ին: Այսպես՝ 2023 թվականի Երևանի բյուջեով «Դավարս» ՍՊԸ-ին տրամադրվել է 231 511 000 ՀՀ դրամ՝ աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայությունների համար, 38 683 000 ՀՀ դրամ էլ՝ գետերի հուների մաքրման համար:

Հետաքրքիր է, թե ի՞նչն է դրդել Երևանի քաղաքապետարանին նորից պայմանագրեր կնքել կազմակերպության հետ, որը մեղադրվել է խոշոր չափի գումարների հափշտակման մեջ: Ինչպե՞ս է ստացվում, որ ՔՊ-ական իբր կոռուպցիան արմատախիլ անող իշխանությունը շարունակում է աշխատել այն նույն կազմակերպությունների հետ, որոնց հետ կոռուպցիոն սխեմաներով աշխատել են «թալանչի նախկինները»:

Այս փոքրիկ դրվագն անգամ վկայում է այն մասին, որ իրականում ոչինչ չի փոխվում՝ նույն կազմակերպությունները, նույն գործելաոճը, հավանաբար նույն ատկատների մեխանիզմներն ու ծանոթ-բարեկամներին տրվող տենդերները, որոնց մասին այդքան սիրում են խոսել ՔՊ-ականները:

Ի դեպ, Երևանի ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, կարծես, արդեն կողմնորոշվել է իր ռազմավարության մեջ. պետք է ոչ թե կոռուպցիան արմատախիլ անել, այլ Երևանի հաստաբուն ծառերը:

Նույն շարքից