Բարի օր Տնտեսություն 

Ինչպե՞ս հաշտեցնել տեխնոլոգիներն ու փողերը․ Doing Digital Forum

analitik.am

Դիմակայե՞լ ժամանակակից թվային մարտահրավերներին, թե` վերցնել նետված ձեռնոցը։ Եթե մնացած ոլորտներում պատասխանը գրեթե պարզ է, ապա ֆինանսական ոլորտում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Պահպանողականությունն ու զգուշավոր փոխակերպումներն այն հաղթաթուղթն են, որոնց շնորհիվ ֆինանսական կառույցները շարունակում են վայելել մարդկանց վստահությունն ու կայունություն ապահովել։ Doing Digital ֆորումի ժամանակ կայացած պանելային քննարկումը վերաբերում էր հենց ֆինթեքի ապագային. որտե՞ղ է Հայաստանն այժմ, ինչ հնարավորություններ ու մարտահրավերներ կան այս ոլորտներում։

Պանելային քննարկումը վարում էր թվային փոխակերպման «կնքահայր» Քրիս Սքիները, որն անմիջապես ոչ այնքան հաճելի նկատառում արեց․ «Երբ գալիս էի Հայաստան, նկատեցի, որ բավականին հետ եք մնացել տեխնոլոգիաներից հատկապես ֆինթեք ոլորտում։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի հետ չմնաք ժամանակից»։

Ըստ բանախոսների՝ ֆինանսական ոլորտում մինչև տեխնոլոգիաներին հասնելը կա առավել կարևոր մի երևույթ, նույնիսկ խնդիր, որն անհրաժեշտ է լուծել։ Դա քաղաքացիների ֆինանսական գրագիտությունն է։ Beta FT Indexing ընկերության հիմնադիր Արարատ Մկրտչյանը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել ֆինանսական գրագիտության հսկայական անջրպետը․

«Մենք պետք է նախ կրթենք մեր քաղաքացիներին, որպեսզի գոնե մոտավոր պատկերացում ունենան ֆինանսներից, գոնե մինիմալ ֆինանսական գրագիտություն ունենան, հետո նոր խոսենք տեխնոլոգիաների ու էլի ինչ-որ բարդ բաների մասին»։

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա դրանք սահմաններ չեն ճանաչում և Հայաստանում էլ դրանք գրեթե նույնն են, ինչ ամենուրեք։ Ինչո՞ւ է ավանդական ֆինանսական համակարգն այսքան պահպանողական ու զգուշավոր նոր տեխնոլոգիաների նկատմամբ, ինչո՞ւ է թվայնացումն այս ոլորտում ընթանում համեմատաբար դանդաղ։ Բանն այն է, որ չնայած նոր տեխնոլոգիաների հայտնվելուն, ֆինանսական ոլորտն այնուամենայնիվ շարունակում է գոյատևել դարերով ձևավորված ու փորձված կանոններով, ու այս ոլորտում կարևորը կառավարելիությունն է։ Ցանկացած անորոշություն մեծ ռիսկեր է պարունակում ու կարող է հանգեցնել գլոբալ աղետի․

«Սա չկարգավորված տիրույթ է։ Ապակենտրոնացման դեպքում մենք չենք հիմնվում, այսպես ասած, ընդհատության վրա։ Սա իրավազորության վրա հիմնված տիրույթ չէ։ Այն հիմնված է ընթացակարգերով աշխատակարգերի վրա, իսկ դրանք Կենտրոնական բանկերը չեն գրում։ Սա ավելի շուտ ջենթլմենական պայմանավորվածություն է, փոխհամաձայնություն օգտատերերի միջև այն բանի շուրջ, թե ինչ պրոդուկտ են օգտագործում, կլինի դա բիթքոին, էթերիում, NFT, թե որևէ այլ բան»,- նշում է Beta FT Indexing ընկերության հիմնադիր Արարատ Մկրտչյանը։

Այս խնդիրները Apricot Capital-ի գլխավոր տնօրեն Վաչիկ Գևորգյանը կապում է այն բանի հետ, որ աշխարհը կարծես թե հրաժարվել է գլոբալիզացիայից ու գնում է ապագլոբալիզացիայի ուղղությամբ։ Այստեղ արդեն շատ մեծ է պետությունների դերը, քանի որ հենց տարբեր երկրների կառավարությունները պետք է ֆինանսական շուկայի համար նոր հնարավորություններ ստեղծեն, լուծումներ գտնեն․

«Այս պարագայում հիմնական խնդիրը դառնում է կառավարելիությունը։ Եթե գտնեն այդ լուծումը, ապա երկուսի գոյությունն էլ միանգամայն իրատեսական կլինի»,- ասում է Վաչիկ Գևորգյանը։

Սակայն տեխնոլոգիաների ու դասական ֆինանսական համակարգերի գոյությունը չեն հակասում միմյանց։ Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը կարծում է, որ դրանք կարող են և պետք է գործակցեն միմյանց հետ՝ հաճախորդներին առաջարկելով նոր լուծումներ ու նոր պրոդուկտ․

«Աշխատանքի վերարտադրման պոտենցիալը կարող է համակցվել տեխնոլոգիական հեղափոխության հետ, ինչը կարող է բազմաթիվ օգուտներ բերել։ Բանկերը շատ երկար ժամանակ դեռ մեզ հետ են լինելու։ 50 տարի հետո, կամ 15 տարի հետո ավելի խոշոր են լինելու, ավելի մեծ քանակի հաճախորդներ են ունենալու»,- շեշտում է Թորոյանը։

Արարատ Մկրտչյանն ի հավելում նշեց, որ Հայաստանում, ի տարբերություն արևմտյան երկրների, բավականին մեծ վստահություն կա ավանդական ֆինանսական կառույցների նկատմամբ։ Եթե Սիլիկոնյան հովտում բանկի փակվելն առիթ հանդիսացավ այդ վստահության խաթարման, Հայաստանում հակառակը, բանկերի հանդեպ վստահությունն աճում է․

«30 տարվա ընթացքում չի եղել գեթ մեկ դեպք, որ որևէ բանկ լուրջ կորուստներ կրի։ Ընդհակառակը, ձեռքբերումներ են ունեցել, ու սա երկրի ձեռքբերումն է, որի մասին պետք է խոսել բոլոր հարթակներից»։

Բանախոսներն ընդգծեցին, որ կա հսկայական պոտենցիալ տարածաշրջանային ֆինանսական հանգույց դառնալու համար թե՛ կենտրոնացված, թե՛ ապակենտրոնցված տիրույթներում։ Անհրաժեշտ է միայն գտնել կարգավորման լուծումները, որոնց մի մասն արդեն մշակվում են։

Հավելենք, որ սա առաջին Doing Digital ֆորումն էր, որի հիմնադիր կազմակերպիչը SPRING PR ընկերությունն էր, համակազմակերպիչը` Ամերիաբանկը:

Նույն շարքից