Տեսանյութեր Քաղաքականություն 

Որքան արժե Ավինյանի արժանապատվությունը. 168.am

analitik.am

Երեկ տեղեկացրել էինք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերտառությամբ տեսանյութի առնչությամբ դիմել է դատարան՝ նյութի հեղինակից՝ Դավիթ Սարգսյանից ու լրատվամիջոցից պահանջելով ներողություն խնդրել, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և դրամական փոխհատուցում վճարել:

Կրկին հիշեցնենք՝ այս հայցով պատասխանողներ են Դավիթ Սարգսյանը և «168 ժամ» ՍՊԸ-ն: Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացուցիչը՝ Հարություն Հարությունյանը, հերքման պահանջ մինչ դատարան դիմելը չեն ներկայացրել:

Նկատենք, որ հայցը վարույթ ընդունելուց հետո ոչ Դավիթ Սարգսյանը, ոչ 168.am-ը որևէ անգամ ծանուցում չեն ստացել:

Ծանուցում 168.am-ը ստացավ միայն այսօր, երեկվա մեր հրապարակումից հետո, այն էլ՝ ոչ թե դատարանից, այլ՝ ԴԱՀԿ-ից:
Պարզվեց՝ Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա կալանք 9 միլիոն դրամի չափով դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն է գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից «05» մայիս 2023թ. տրված թիվ ԵԴ/13020/02/23 կատարողական թերթի համաձայն պետք է Հայցի ապահովման նպատակով հայցագնի 9.000.000.00 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող «168 ժամ» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա»,- գրված է  «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» ԴԱՀԿ-ից ստացված որոշման մեջ:

Այսինքն՝ դատավորն առանց ծանոցման, առանց պատասխանող կողմին տեղյակ պահելու՝ ընդհանուր առմամբ 18 միլիոն դրամի չափով հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդություն է բավարարել:

Հետաքրքիր է՝ դատավորի ներքին համոզմունքն ի՞նչ է ասել՝ Դավիթ Սարգսյանն ու 168.am-ը ահաբեկիչներ են, սերիական մարդասպաններ, առանձնապես խոշոր չափերի կոռուպցիոներնե՞ր, թե՞ էլի ինչ-որ ահազարհուր հանցանք կատարած սուբյեկտներ, որ նման որոշում է կայացրել Տիգրան Ավինյանի պահանջով:

Ինչևէ, ինչպես երեկ արդեն ասել ենք, խոստանում ենք այս գործով բաց, հրապարակային, հնչեղ լուսաբանում: Ավելին, առաջիկայում կներկայացնենք Երևանի քաղաքապետի պաշտոնին ձգտող Տիգրան Ավինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հետ կապված բազմաթիվ դրվագներ:

Նույն շարքից