Լրահոս Տնտեսություն 

Եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն ինքը կով չէ. Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորին

analitik.am

Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, խոսեց կաթի գնի մասին՝ հիշեցնելով, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզում գյուղացիներն անգամ ճանապարհ էին փակել: Պատգամավորը ցանկացավ իմանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում հարցին լուծում տալու համար:

Նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ երկու տարի առաջ կաթի գինը մոտավորապես նույնն է եղել, ինչ հիմա՝ մոտ 130 դրամ: Նա ամեն դեպքում նշեց, որ որոշակի խնդիր կա մեկ-երկու տեղերում, որտեղ խոշոր մթերողներն արտահանողներն են եղել ու այսօր դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի պատճառով կաթի ավելցուկ կա: Նախարարո6թյան թիմերն աշխատում են տեղային խնդիրը լուծելու համար:

Քերոբյանը նաև նշեց, որ կաթը տարբեր է լինում, արտադրվում է տարբեր միջավայրերում՝բարձրակարգ ֆերմաներում, խելացի անասնագոմերում կամ ավանդական ձևերով: Նրա խոսքերով, ավանդական ձևերով ստացված կաթը չունի այն որակներն ու հատկանիշները, որն ունի բարձրակարգ ֆերմաներում ստացվող կաթը, ուստի նաև ավելի էժան է:

Նրա խոսքերով, կաթի գնի խնդիր որևէ բարձր արտադրողականություն ու ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործող որևէ ֆերմերային ընկերություն չունի: Այսինքն, այդ մասով հարցը լուծված է:

Պատգամավոր Գրիգորյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում խելացի անասնագոմն այդքան էլ ձեռնտու չէ քանի որ տարվա 9 ամիսը պետք է տաքացնել, 3 ամիսը հովացնել: Այսինքն, դա կարող են անել օրինակ Արարատյան դաշտավայրում:

Քերոբյանը չհամաձայնեց դրա հետ՝ հայտարարելով, որ խոշոր եղջերավոր անասունների համար ինչքան ցուրտ, այդքան լավ:  -20 ջերմաստիճանը շատ ավելի լավ է, քան՝ +20-+25-ը:

Քերոբյանի այս հայտարարությունն առաջացրեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Գուրգեն Արսենյանի զարմանքը. «Մինչև հիմա ես գիտեի, որ -20 ջերմաստիճանում եղջերուներն են իրենց լավ զգում, պարզվում ա, որ կովերն էլ են լավ զգում»,-ասաց նա:

Ավելի ուշ թեմայի մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով՝ եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն ինքը կով չէ:

 

Նույն շարքից