Բարի օր Հայաստան Հասարակություն 

Սառը ճշմարտություն

analitik.am

Դեռևս 2016 թվականին ես բարձրաձայնեցի Հայաստանի խոշորագույն բանկում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի բաժնեմաս ունենալու փաստը, 2016-ին ես սկսեցի ստորագրահավաք՝ այդ բանկի դեմ, 2016-ի մայիսին ես խստորեն հետապնդվեցի և հայտնվեցի մեկուսարանում, 2016-ին ադրբեջանական մամուլը հրճվեց այդ կապակցությամբ և լիքը նյութեր գրեց իմ կալանավորման մասին, 2016-ին հայկական մամուլի որոշ հատված նույնպես հրճվեց և լիքը նյութեր գրեց այդ մասին, արդյունքում ես 1.5 տարի անցկացրեցի մեկուսարանում, այդ բանկից ուժային կառույցների աշխատակիցների հաշիվները տեղափոխվեցին այլ բանկեր (կարծում եմ՝ արդեն շատ ուշ էր, ինչ պետք էր, հետախուզվել էր), ես դիմեցի ՄԻԵԴ, գործն ընդունվեց վարույթ, դեռ քննվում է…

Հետո Հայաստանում տեղի ունեցավ շատ ցավոտ ու դաժան իրադարձությունների շարք, որը, կարծում եմ՝ սկսվել էր շատ ավելի շուտ 2018-ից, իսկ հիմա՝ 2023-ին, մարդիկ զարմանում են, թե ինչու այսպես ստացվեց: Իսկ ինչպե՞ս կարող էր այլ կերպ ստացվել, 2016-ին քանի՞ հոգի մտահոգվեց ազգային անվտանգության համար կոնկրետ սպառնալիք ներկայացնող հարցով, քանի՞ հոգի վտանգեց իր կոմֆորտը հանուն հայրենիքի...

Հետևաբար, իսկ ինչո՞ւ պետք է այսպես չլիներ, ինչո՞ւ, օրինակ, չպետք է մարդիկ ոչնչացնեն քո պատմությունը, չէ՞ որ վաղուց պետք է պարզ լիներ, թե ինչ է լինում այն հասարակության ճակատագիրը, որը զոհում է իր ինքնասիրությունն ու արժանապատվությունը՝ հանուն շահի...

Փաստերը դաժան են լինում, սակայն դրանց հետ պետք է հաշվի նստել, ու նախ տեսնել, ապա ընդունել սխալներն, այլապես այս հողմաղացների դեմ պայքարի և պաթոսախեղդ ստատուսների արդյունքում ոչ միայն պետությունը կկորցնենք, այլ նաև ինքնությունը:

Այսքանով կսահմանափակեմ այս թեման, քանի որ, եթե 2016-ին շատերը տեղյակ չէին, չգիտեին, չէին հասկանում, չէին տեսնում, հիմա արդեն երևի չկա մարդ, ով չի հասկանում, թե ինչ է կատարվում, և եթե հասկանում են ու մեծամասամբ օկ են, ապա, ցավոք, չես կարող փոխել այն, ինչ արդարացիորեն պետք է տեղի ունենա...

 

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից