Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Քանի՞ կարմիր ժապավեն մնաց կտրելու մինչև սեպտեմբեր

analitik.am

Երևանի ավագանու նիստում վերջերս մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ, որի գլխավոր հերոսներից մեկը մայրաքաղաքի ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն է: Խոսքը մասնավորապես վերաբերում է հարցուպատասխանի ժամանակ ավագանու անդամներից մեկի հարցին, իսկ ավելի ճիշտ՝ ձևակերպմանը: Անահիտ Ասատրյանը հայտարարեց, որ իր հարցն ուղղում է Ավինյանին, բայց դիմում է ոչ թե որպես Երևանի քաղաքապետի տեղակալի, այլ որպես պոտենցիալ քաղաքապետի (հարցը վերաբերում էր պարտադիր ապահովագրությանը):

Մի կողմ դնենք այն, որ նիստը վարում էր քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հոհաննիսյանը, ով կարծես թե առհասարակ չի նեղվում, որ ինքը միայն դե յուրե է քաղաքապետի պաշտոնակատար ու փաստացի քաղաքապետարանը կառավարում է հենց Ավինյանը: Ավելի շատ ուշադրության արժանի է Ավինյանի արձագանքը, ով նախ շնորհակալություն հայտնեց, ապա սկսեց միայն իրեն հատուկ դեմքի արտահայտությամբ պատասխանել հարցին:

Ավինյանն առհասարակ արդեն վաղուց է մտել քաղաքապետի դերի մեջ ու կարծես այլևս չի էլ թաքցնում այն, որ չի հարգում քաղաքապետի պաշտոնակատարին՝ միայն մտածելով քաղաքապետի աթոռի մասին: Նա բացահայտել է բոլոր խաղաքարտերն ու պայքարում օգտագործում է նաև ավագանու անդամներին, ովքեր այսպիսի ձևակերպումներով հարցեր են ուղղում իրեն՝ դա անելով քաղաքապետի պաշտոնակատարի ամոթխած հայացքի ներքո:

Ավինյանն առհասարակ ծայրաստիճան ակտիվ էր: Նա իրեն թույլ էր տալիս միջամտել այս կամ այն հարցի պատասխանին, ուղղություն ցույց տալ հարցերին պատասխանողներին, ելույթ ունենում այնպիսի հարցերի քննարկման ժամանակ, երբ կարող էր լռել: Սակայն, հարկ է նշել, որ ավագանու ոչ բոլոր անդամներն են գոհ Ավինյանի հնարավոր քաղաքապետության հեռանկարով, օրինակ, ավագանու անդամ Էռնեստ Ավանեսյանը, ով «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, սակայն ավելի ուշ դուրս եկավ խմբակցությունից ու հիմա ունի անկախ անդամի կարգավիճակ, խոսելով բազմաբնակարան շենքերի բակային տարածքների մասին, նշեց, որ արվում են աշխատանքներ կարծես ժամկետով, որպեսզի մինչ սեպտեմբեր թարմ երևա:

Ավանեսյանը հատուկ շեշտեց սեպտեմբեր ամսվա փաստը: Հենց սեպտեմբերին են տեղի ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: Բնականաբար, նա ակնարկում էր, որ ուղղակի աշխատանքի իմիտացիա է արվում, որպեսզի Ավինյանը ձայներ շահի: Սակայն, Ավանեսյանը սրանով չսահմանափակվեց: Նա նաև խոսեց կարմիր ժապավեններ կտրելու մասին: Խոսելով Շենգավիթի մարզադպրոցի մասին՝ նա հարց բարձրացրեց, թե քանի անգամ է այնտեղ վերանորոգում արվել կարմիր ժապավենը կտրելուց հետո. «Միայն ժապավեն կտրելով ու բացելով չէ: Ցուցադրության մեջ չէ ամեն ինչը, որակ չկա այդ աշխատանքի մեջ»,-ասաց նա:

Բոլորին է հայտնի Տիգրան Ավինյանի հատուկ սերը կարմիր ժապավեններ կտրելու նկատմամբ: Դժվար չէ հասկանալ, որ ավագանու անդամն ակնարկում էր հենց դա: Ավագանու ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Դժվար չէ հասկանալ՝ որքան մոտենա ընտրությունների օրը, Ավինյանն ավելի շատ է սկսելու է օգտագործել փաստացի քաղաքապետ լինելու հանգամանքը: Այստեղ ամենավատն այն չէ, որ դե յուրե քաղաքապետի պաշտոնակատարը չի նեղվում դրանից, դեռ մի բան էլ ջանջիգյար է անում Ավինյանի հետ, այլ այն է, որ Ավինյանն այսպիսով անհավասար պայմաններ է ունենում մյուս թեկնածուների հետ, ինչը չպետք է լիներ, եթե հաշվի առնենք, որ նա շարքային փոխքաղաքապետ է, ինչպես մյուս 3 փոխքաղաքապետերը, որոնց անունները հանրությունն առհասարակ չգիտի էլ:

Նույն շարքից