Բարի օր Քաղաքականություն 

Երևանը Գազելներից չի ազատվի, նոր Գազելներ են բերում, իսկ Ավինյանն այլ բան էր ասում

analitik.am

Երևանի քաղաքապետարանում վերջին մի քանի գործակարգավարական նիստերի ժամանակ մի քանի անգամ հայտարարվեց այն մասին, որ Երևանն ազատվելու է Գազելներից: Դա դարձել էր նիստերի զարդ համարվող հարցերից մեկը, որը զեկուցվում էր առանձնահատուկ տոնական տոնայնությամբ՝ այն ներկայացնելով ավելի ճոխ, քան կներկայացվեր, օրինակ, նոր մայրացամաքի հայտնաբերումը: Սակայն, ինչպես պարզվում է, ամեն ինչ այդքան էլ լավ չէ, որքան սպասվում էր:

Արդեն մայիսի 29-ի գործակարգավարական նիստում պարզ դարձավ, որ Երևանը Գազելներից չի ազատվելու: Ավելին՝ նոր Գազելներ են բերվում, ուղղակի դրանք ոչ թե միկրոավտոբուս են, այլ՝ ավտոբուս: Այսինքն՝ մայրաքաղաքն ազատվելու է ոչ թե Գազել մակնիշի ավտոմեքենաներից, այլ այսօր շահագործվող Գազելներից: Չզարմանաք, եթե դա էլ չլինի ու պարզվի, որ դրանք շատ լավ վիճակում են:

Եվ մեկ հանգամանք, որը վերաբերում է արդեն ներմուծվող տրոլեյբուսներին: Մայիսի 15-ի գործակարգավարական նիստի ժամանակ ձախողված պարետ Տիգրան Ավինյանը, խոսելով ներմուծվող նոր տրոլեյբուսիների մասին, հայտարարեց, որ դրանք հնարավորություն կունենան ընդհանուր ցանցից անջատված քշել ևս 60 հավելյալ կիլոմետր նույն էլեկտրաավտոբուսների տրամաբանության ներքո: Դա նշանակում է, որ տրոլեյբուսների ցանցը մի փոքր ընդլայնվելու է, իր ուղին փոփոխվելու է որոշ չափով: Սակայն, այստեղ էլ են ստում: Բանն այն է, որ արդեն հաջորդ գործակարգավարական նիստում պարզվեց, որ այդ տրոլյեբուսները չեն կարող անել այն, ինչն ասել էր Ավինյանը: Նշվեց, որ տրոլեյբուսներն ընդհանոր ցանցից անջատված շարժվելու են ավելի քիչ, քանի որ 60 կմ-ն հնարավոր կլիներ ապահովել միայն այն դեպքում, եթե հովացման կամ ջեռուցման համակարգերն անջատված լինեն: Իսկ թե ինչպես է հնարավոր առանց հովացման կամ ջեռուցման համակարգի վարել, դա երևի միայն քաղաքապետարանում գիտեին:

Մի առանձին պատմություն է հանգստյան օրերին Երևանում տրանսպորտի աշխատանքը: Հատկապես կիրակի օրերին արդեն ժամը 19:00-ից հետո որոշ գծերում առհասարակ տրանսպորտ չես հանդիպի, կամ դրանք ժամանում են առնվազն 1 ժամ կտրվածքով: Բավարար է նստել երթուղային տրանսպորտ, այդ թվում՝ նոր ներկրված, որպեսզի հասկանաս, թե ինչ են մտածում մարդիկ Ավինյանի աշխատանքի մասին: Հանգստյան օրերին տրանսպորոտում Տիգրան Ավինյանն ամենաքննարկված անձն է, բնականաբար՝ ոչ լավ իմաստով:

Այս ամենը գալիս է ապացուցելու այն պնդումները, որ անկանոն կերպով ավտոբուսներ ներկրելն ո դրանցով Երևանի փողոցները լցնելը հարցի լուծում լինել չի կարող: Խնդիրը կարող է լուծվել միայն համակարգային առումով,սակայն Երևանի իշխանություններն ավելի շուտ խնդրի լուծման իմիտացիա են անում՝ փորձելով մինչև սեպտեմբեր, երբ կայանալու են ավագանու ընտրությունները, ցույց տալ, թե իբր լրջորեն զբաղվում են հարցով:

Նույն շարքից