Քաղաքականություն 

Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք. Գեղամ Մանուկյան

analitik.am

«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել: Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք, փորձեք ճշտել՝ ոստիկանները կարող են բռնել, թե ոչ»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ  ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Մինչ այդ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե պարեկների աշխատանքի արդյունավետությունը ստուգելու համար մեկ մեքենայի մեջ երթևեկող պատգամավորներով գերազանցել են արագությունը և մարզային ճանապարհային ոստիկաններն իրենց չեն կանգնեցրել, բայց Երևանում պարեկները կանգնեցրել են և վարչական ակտ գրել:

Գեղամ Մանուկյանն ասաց, թե տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ներքին գործերի նախարարությունը՝ Պարեկային ծառայության ՆԳՆ-ն  է:

«ՆԳՆ-ն տարբեր ստորաբաժանումներ ունի, այդ թվում զոհվածների ծնողներ ծեծող կարմիր, սև  բերետավորները, որոնք արդեն տևական ժամանակ ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ բռնություն են գործադրում և պատասխանատվության չեն ենթարկվում: Անուն-ազգանուններով հայ ժողովուրդը գիտի՝ Ջոմարդյան Հայկազը դարձել է մարմնացումն անօրինականության, թե ինչպես կարելի է ուսադիր կրել և տևական ժամանակ իշխանության բռնաճնշումների գործիք լինել»,-ասաց Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորը ՆԳՆ բյուջեից կատարողականը զեկուցող նախարարի տեղակալ Արա ֆիդանյանին հարցրեց, թե կա՞ թիվ, թե պարեկային ծառայության համար նոր ձեռք բերված մեքենաների քանի տոկոսն է վթարվել և խափանված կանգնած:

Մանուկյանը նաև հետաքրքրվեց՝ բյուջեի կատարողականի վերլուծության մեջ կա՞ համեմատական պատկեր, թե ՆԳՆ-ի բյուջեից քանի տոկոսն է հատկացվել  2022 թվականին Նիկոլ Փաշինյանի անշփում տեղափոխումն ապահովելու համար:

Ֆիդանյանն ասաց, որ անընդունելի է ոստիկանության ծառայողների անձնական տվյալների հարպարակումը և վստահեցրեց, որ եթե լինում են իրավասությունների վերազանցում, ապա իրենք և իրավապահ այլ մարմիններ դրանով զբաղվում են:

ՆԳՆ նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ 67 վթարված պարեկային մեքենաներ ունեն, որոնք հիմնականում սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքների հետևանք են:

Ֆիդանյանը վերջում վստահեցրեց, որ ոստիկանությունը իրականացնում է բացառապես հասարակական կարգի պահպանում:

Նույն շարքից