Բարի օր Հայաստան Հասարակություն 

Ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը մաֆիոզ խմբերի հետ, ինչո՞ւ նա չի հերքում դրանց գոյությունը

analitik.am

Նուբարաշեն համայնքում աղբավայրի հրդեհը մարվել է: Ինչպես մայիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, այդ բացառիկ նվաճումը տեղի է ունեցել նախանշվածից մեկ օր շուտ՝ հայտարարված մեկ շաբաթի փոխարեն՝ 6 օրում:

Իհարկե, չնշվեց, որ մինչ մեկ շաբաթվա մասին հայտարարելը, հրդեհն արդեն 4 օր կար: Այսինքն, աղբավայրն այրվել է մոտ 10 օր՝ թունավոր օդ տարածելով մայրաքաղաք Երևանի ու հարակից բնակավայրերի երկնքում: Նիստում որևէ խոսք չասվեց Երևանի ավագանու վերջին նիստում հնչած, ըստ էության, աղմկահարույց հայտարարությունների մասին, ինչը թույլ է տալիս մտածել, որ ասվածը առնվազն հեռու չէ իրականությունից, իսկ միգուցե նաև հենց իրականություն է:

Ավագանու վերջին նիստում Լևոն Զաքարյանը հայտարարել էր, որ տարածված խոսակցությունների համաձայն, Նուբարաշենի աղբավայրում ինչ-որ մաֆիոզ խմբեր բաժանել են տարածքն ու ինչ-որ գործունեություն են ծավալում: Դա հերիք չէ, մի հատ էլ կարող են իրար մեջ եղած վեճերի պատճառով հրդեհել աղբավայրն ու երևանցիներին ասել՝ 10 օր ծուխը շնչեք: Նույն Կամո Արեյանն այդ օրը հայտարարեց, թե պատասխանատվություն չի վերցնի մեկնաբանություն տալ այդ խոսակցություններին, եզրակացություն տալու դրանց ճշմարտացի կամ ոչ ճշմարտացի լինելու վերաբերյալ՝ հավելելով, որ փաստացի հաղորդում չունեն այդ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, նա հաստատեց, որ տարվա այս ժամանակահատվածում հրդեհի ծավալները բավականին անսպասելի էին:

Ըստ էության, Արեյանը չհերքեց, որ նման խմբեր գոյություն ունեն, ովքեր Երևանի ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու քաղաքային իշխանությունների քթի տակ ինչ-որ գործունեություն են ծավալում: Արեյանը ևս մեկ աղմկահարույց հայտարարություն արեց՝ նշելով, որ աղբավայրում կան ինչ-որ խմբեր, որոնք հավաքչությամբ են զբաղվում, միշտ է այդպես եղել: Նա շատ հանգիստ տոնով նշեց, որ քաղաքապետարանում չգիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ կարգավիճակ ունեն, դա քաղաքապետարանում որևէ պաշտոնական արձանագրում չունի: Նրանք մարդիկ են, ովքեր աղբավայրում զբաղվում են հավաքչությամբ:

Այսինքն, փաստացի Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում ընդունում են, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում աղբավայրում, որտեղ նաև վտանգավոր նյութեր կան:

Քաղաքապետարանը պարզվում է, որ ոչ միայն գիտի այդ մարդկանց մասին, գիտի վտանգի մասին, այլ նաև չի պատրաստվում որևէ բան անել, քաղաքային իշխանությունների համար դա նորմալ է: Ավինյանի ու մյուսների համար նորմալ է, որ ինչ-որ X մարդկանց գործունեության արդյունքում վտանգվում է մայրաքաղաքի ավելի քան 1 միլիոն բնակչության առողջությունը:

Ինչ վերաբերում է ձախողված պարետին, ապա նա ևս մասնակցում էր ավագանու նիստին, սակայն որևէ բառ չասաց այդ թեմայով: Ավինյանը, ով սովորություն ունի արագ հերքելու իր շահերից չբխող հայտարարությունները, այս անգամ լռեց: Այսինքն, առնվազն կասկածներ կան, որ այդ խմբերն իրոք գոյություն ունեն ու գործում են կամ հենց Ավինյանի ու քաղաքապետարանի հովանու ներքո, կամ առնվազն նրանց թույլտվությամբ: Կամ էլ քաղաքային իշխանություններն՝ Ավինյանի գլխավորությամբ ի զորու չեն որևէ բան անել այդ խմբերի դեմ:

Մայիսի 29-ի գործակարգավարական նիստում ևս Ավինյանը որևէ խոսք չասաց այդ խմբերի մասին՝ չհերքելով դրանց հնարավոր գոյությունը: Միայն նշվեց հրդեհը մարելու մասին: Հրդեհն այս անգամ էլ մարվեց, սակայն վստահաբար հրդեհները շարունակվելու են, քանի որ քաղաքային իշխանությունները զբաղված են միայն պոստ սկրիպտում փաստն արձանագրելով ու օրեր շարունակ հրդեհը մարելով: Ինչ վերաբերում է նման իրավիճակները կանխելուն ուղղված քայլերին, ապա դրանք ուղղակի չեն արվում:

Նույն շարքից