Հասարակություն 

Մեզ մոտ «անկլավներ» չկան, փորձեն հանձնել՝ կանգնելու ենք ճանապարհին, չթողնենք անցնեն․ Ոսկեպարի վարչական ղեկավար

analitik.am

Մենք տալու բան չունենք, ինչը մերն է, մերն է, հիմա, թե իրենք ինչ կանենք, իրենց գործն է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86․600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում են նաև անկլավները՝ Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը։

Համայնքի վարչական ղեկավարը նշեց, որ իրենք տեղեկատվության չեն տիրապետում և իրենց ոչինչ չեն ասել այս մասին։

«Մենք համաձայն չենք «անկլավ» անվան հետ, մեզ մոտ «անկլավներ» չկան, սրանք մեր տարածքներն են, այս պահին էլ մեր ձեռքին է ու եթե հարկ լինի, պահելու ենք, խնդրեմ դուք էլ եկեք մեր կողքին կանգնեք։ Մենք չենք ընդունում «անկլավ» կոչվածը»,- ասաց նա։

Իշխան Աղբալյանը նշեց, որ Նոյեմբերյանից վերադառալիս՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գյուղացիներին, ովքեր իրեն հարց են տվել «անկլավները» հանձնելու մասին։

«Հետ գալուց Փաշինյանը հանդիպել է մեզ հետ, իրեն տվել են այդ հարցը, ինքն էլ պատասխանել է, որ բանակցություններում նման հարց առայժմ չի քննարկվում»,- ասաց նա։

Հարցին՝ եթե փաստացի որոշում կայացվի գյուղը հանձնելու, ի՞նչ քայլերի են դիմելու, Աղբալյանը ասաց․

«Նրանք պետք է գան մեր ճանապարհով գնան, ես էլ ասում եմ, մենք կանգնելու ենք այդ ճանապարհին ու փակենք այն, բայց կգա՞ն արդյոք մեր կողքին կկանգնեն, չգիտեմ։ Համենայնդեպս մենք կանգնելու ենք ու պայքարելու ենք մեր տարածքների համար»։

Նույն շարքից