Լրահոս Միջազգային 

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ

analitik.am

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Պուտինի ու Զելենսկու հետ: Թուրքիայի ղեկավարը կողմերի հետ քննարկել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի խորտակման մարդասիրական և բնապահպանական հետևանքներն ու առաջարկել է ստեղծել միջազգային հանձնաժողով՝ տեղի ունեցած պայթյունը հետաքննելու համար: Այդ մասին գրում է 1lurer.am-ը՝ հղում կատարելով Reuters-ին։

Նա հայտարարել է, որ հանձնաժողովը կարող է ստեղծվել ռուս և ուկրաինացի փորձագետների, ՄԱԿ-ի և միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ։ «Թուրքիան պատրաստ է աջակցելու դրան»,- նշել է Էրդողանը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ ասել է, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան է փոխանցել Կիևի հսկողության տակ գտնվող տարածքում աղետի հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ օգնության ցուցակը։

Ուկրաինայի իշխանությունները կատարվածի համար մեղադրում են Մոսկվային, վերջինը հերքել է իր մեղքը և, իր հերթին, Կիևին է մասնակից համարել պայթյունին։

Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Էրդողանը Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսազրույցների ժամանակ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերումից բացի, քննարկել է նաև հացահատիկի գործարքը։ Էրդողանը կարևորել է ՄԱԿ-ի հետ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտների վերացման շուրջ խորհրդակցությունները շարունակելը:

«Համաձայնագրերը կարևոր դեր են խաղում պարենային գլոբալ ճգնաժամը կանխելու գործում»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաև իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Ուկրաինայում հակամարտության դադարեցման ու խաղաղության հաստատման հարցում:

Նույն շարքից