Գլխավոր Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Սիրուն բան չես անում, Էդմոն. Մարուքյանը թքա՞ծ ունի Դավիթ Խաժակյանի երազանքների ու երևանցիների խնդիրների վրա

analitik.am

Երևանի 33-րդ թաղամասի հարցը, որն ավելի հայտնի է Ֆիրդուսի թաղամաս անունով, այն բարդագույն խնդիրներից մեկն է, որի հետ ստիպված է լինելու ապրել կամ լուծել Երևանի հաջորդ քաղաքապետը: Խնդիրը, որը գալիս է դեռ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիներից, այսօր դեռ իր վերջնական լուծումը չի ստացել, չնայած այն հանգամանքին, որ թաղամասում շինարարություն է ընթանում ու, ինչպես նշվում է տարբեր կազմակերպությունների հայտարարություններում, պատմական շերտեր և քաղաքի ժառանգություն է ոչնչացվում:

Այսօր թաղամասի բնակիչները հերթական անգամ ակցիա էին իրականացնում կառավարության մոտ՝ հանդիպում պահանջելով գործադիրի ներկայացուցիչների հետ: Գործադիրից քաղաքացիներին որևէ մեկը ոչ ընդունեց, ոչ էլ հանդիպեց վերջիններիս հետ, ինչից հետո նրանք ակցիա իրականացրեցին Գլխավոր դատախազության մոտ, որտեղ ևս անտեսվելուց հետո հեռացան՝ խոստանալով շարունակել իրենց պայքարը, պաշտպանել իրենց սեփականությունը, իրենց տներն ամեն միջոցով՝ լինի դա քարերով, թե փայտերով:

Ակցիայի ընթացքում նաև պարզվեց, որ իրականությանը չեն համապաստախանում ձախողված պարետ Տիգրան Ավինյանի խոսքերն առ այն, որ քաղաքացիների գույքը գնահատվել է 1600-2000 դոլար: Ինչպես հայտնեց քաղաքացիներից մեկը, փաստ կա, որ բնակչի գույքը գնահատվել է 215 դոլար: Եթե հաշվի առնենք այն, որ խոսքը վերաբերում է մայրաքաղաքի ամենակենտրոնում գտնվող տարածքին, այս թիվը ոչ թե ծիծաղելի է, այլ ծաղրանքի է նմանվում:

Այդուհանդերձ, այսօրվա ակցիայի ամենաուշագրավ դրվագը տեղի ունեցավ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ: Ինչպես արդեն հայտնեցինք, կառավարությունից քաղաքացիների հետ որևէ մեկը չհանդիպեց, սակայն քաղաքացիները կարողացան գործադիրի մոտ բռնացնել Մարուքյանին: Նախկին պատգամավորը, ով ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում էր քաղաքացիների իրավունքների, դարդուցավի մասին, շատ է փոխվել: Նա այս անգամ նույնիսկ չկանգնեց քաղաքացիների հետ զրուցելու համար՝ հայտարարելով, որ շտապում է հանդիպման:

Սակայն, ամենակարևոր արտահայտությունն այն էր, որը նա արեց, երբ լրագրողները տեղեկացրեցին, որ ակցիա անող քաղաքացիները Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն են: Մարուքյանը փաստերով ապացուցեց, որ թքած ունի քաղաքացիների խնդրի վրա՝ հայտարարելով, որ ինքը Երևանի քաղաքապետը չէ:

Սա հատկապես ուշագրավ հայտարարություն է, եթե հաշվի առնենք այն, որ Մարուքյանի երիտասարդ թիմակիցը, նրա աճեցրած կադր Դավիթ Խաժակյանը երազում է Երևանի քաղաքապետի պաշտոնի մասին՝ քնում ու արթնանում է այդ մտքով: Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կայանալիք ընտրություններում Լուսավորականները թեկուզ ձևական կապահովեն իրենց մասնակցությունը՝ ցուցակի առաջին համարում ունենալով հենց երիտասարդին, ով ֆեյսբուքյան իր էջում արդեն սկսել է ոչ պաշտոնական քարոզարշավը՝ լուծման իր տարբերակներն առաջարկելով այս կամ այն խնդրի լուծման համար:

Ստացվում է, որ Մարուքյանը թքած ունի իր երիտասարդի երազանքների վրա ու Երևանի բարդագույն խնդիրներից մեկի մասին այնպես է արտահայտվում, կարծես ինքն այլ մոլորակից է, այլ մարդկանց հարկերով է փող ստանում ու իր երիտասարդը չէ վաղը պայքարի մեջ մտնելու: Վստահաբար նույն Խաժակյանը վաղը կարող է մի տեսահոլովակ էլ պատրաստել Ֆիրդուսի խնդրի մասին: Հետաքրքիր է՝ այդ ժամանակ նա կգնա՞ ու Մարուքյանին ասի՝ սիրուն բան չես անում, Էդմոն:

Նույն շարքից