Լրահոս Հասարակություն 

ԵՊՀ ՔՊ-ական ռեկտորը սպառնացե՞լ է գործադուլ անող աշխատողներին ու դասերը չիրականացրած դասախոսներին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի համար այս ճակատագրական ու օրհասական պահին, երբ բոլոր սրտացավ ու հայրենասեր մարդիկ պայքարի են դուրս եկել, եւ, ամենակարեւորը` երիտասարդությունն է ակտիվացել. ուսանողները երեկ դասադուլ էին հայտարարել, շատ դպրոցների ավագ դասարանների աշակերտները դպրոց չէին գնացել, բուհերի ռեկտորատները, ի տարբերություն 2018 թվականի, ամեն ինչ անում են՝ այս պայքարը ճնշելու համար․ սպառնում են, զգուշացնում եւ այլն:

ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ավելի հեռուն է գնացել, հայտարարել է, որ գործադուլ անող աշխատողների եւ դասերը չիրականացրած դասախոսների բոլոր բացակաները դրվելու են, այդ օրերի համար նրանց աշխատավարձերից պահումներ են անելու եւ դեկտեմբերին էլ 13-րդ աշխատավարձ չեն տալու: Եթե դա շարունակվի, կարող են նաեւ համալսարանից հեռացվել: Իսկ այն ուսանողները, որոնք դասադուլ են անում, կրթաթոշակներից կարող են զրկվել, եւ թույլ չեն տալու, որ անվճար տեղերի մրցույթներին մասնակցեն: Նույնիսկ կարող են հրահանգ իջեցնել դեկաններին` այդ ուսանողներին քննությունների ժամանակ քննել ամենախիստ ձեւով, չնշանակել եւ դուրս թողնել համալսարանից:

Սակայն այս սպառնալիքները չեն խանգարել, եւ երեկ դասադուլին ամենաակտիվ մասնակցած բուհը ԵՊՀ-ն էր, որտեղ դասեր երեկ չկային, եւ ԵՊՀ շատ ուսանողներ ու դասախոսներ ողջ օրը մասնակցում էին մայրաքաղաքում ընթացող անհնազանդության եւ բողոքի ակցիաներին: Անգամ ապօրինի ձերբակալվածների մեջ կային ԵՊՀ ուսանողներ ու դասախոսներ: Մեր զանգին ի պատասխան, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը եռանդուն հերքեց` ոչ մի նման բան չի եղել, ինքը ոչ մեկին չի սպառնացել։ «Ոչ մեկի հետ, ոչ մի նման բան… զանգեք խոսնակին, չեմ կարող....»,- նշեց ԵՊՀ ռեկտորը եւ անջատեց հեռախոսը, իսկ քիչ անց անհասանելի դարձավ»:

Նույն շարքից