Փաստաբան Արտավազդ Կիվիրյանն իր էջում գրում է. «Այսօր առավոտյան անցնում էի Հանրապետության հրապարակի մոտով, հրապարակի մեջտեղին մոտ կանգնած էին մոտ 15-20 կարմիր գլխարկով ոստիկաններ, իսկ շատրվանների սկզբնամասում, ըստ տեսքի, ազգությամբ ռուս զույգ, աղջիկը նստեց եզրին, իսկ տղան փորձեց գրկել իր ընկերուհուն, ընդ որում, որևէ վուլգառ, կամ անբարո երևույթ այդտեղ չկար, սակայն այդ ոստիկաններից մեկը, երևի իր սեքսուալ երևակայության աստիճանից ելնելով որոշեց, որ այդ զույգի գրկախառնված վիճակը չի համապատասխանում իր բարոյական չափանիշներին և անհրաժեշտ է կասեցնել այդ զույգի գործողությունները, որոնք ուղղված են եղել Հանրապետության հրապարակը «անարգելուն», որի նպատակով, որպես կանխարգելման միջոց և հասարակական կարգը վերականգնելուն ուղղված միջոցառում հետևեց ամբողջ հրապարակով Արա-յով գոռալը և այդ զույգին ուղղված սեռական բնույթի հայհոյանքների տարափը, քանի որ հնարավոր չէր մոտենալ այդ զույգին և քաղաքակիրթ եղանակով դիմել իրենց։
Բնականաբար այդ զույգը շտապեց այդտեղից հեռանալ, իսկ հանուն բարոյականության մղված անհավասար ճակատամարտում հաղթանակած ոստիկանների մոտ սկսվեց «պարգևատրման գործընթացը»։ Այդ պահին ակամայից հիշեցի հանրահավաքների ժամանակ հնչող «Ոստիկանը մերն է» վանկարկումը, այո "Ոստիկանը ձերն է»»։