Արցախի հանրապետության նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորումը հնարավոր է եւ պետք է ծառայեցնել Ադրբեջանի ապօրինությունները հենց Բաքվում դիմակազերծելու գործին։ Դա հնարավոր է անել հենց տեղում նրա շահերի պաշտպանությունն իրականացնելու դեպքում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու մերձավոր ընկերներն արդեն քննարկում են, թե ինչ գործիքակազմով կարող են նրա պաշտպանությունը կազմակերպել Բաքվում ու չի բացառվում փաստաբանի ներգրավումը։
Բաքուն ներկայացրել է ինչ-որ անհեթեթ մեղադրանքներ՝ Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործել, ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումների կազմավորմանը մասնակցություն ու նրան կալանավորել 4 ամսով։ Սրանք այն մեղադրանքներն են, որոնց սնանկությունը դժվար չի լինի անգամ Ադրբեջանում ի ցույց դնել՝ նորմալ փաստաբանի առկայության պայմաններում։
Մեր տեղեկություններով՝ քննարկվում է մի քանի տարբերակ՝ միջազգային փաստաբանական գրասենյակի միջոցով փաստաբանի գործուղում Ադրբեջան կամ հենց տեղում գործող միջազգային փաստաբանների ներգրավում։