Լրահոս Հասարակություն 

Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ

analitik.am

13 շտապօգնության բրիգադներ ուղևորվել են Հակարիի կամուրջ և անցել դեպի Ստեփանակերտ՝ պատրաստվելով Լեռնային Ղարաբաղից տարհանել ու բերել Հայաստան բոլոր անձանց, ովքեր ունեն հենաշարժողական խնդիրներ, անկողնային հիվանդներ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնում» հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք սերտորեն աշխատում ենք սոցիալական ծառայությունների հետ։ Գիշերվա ընթացքում տեղափոխված մեր հայրենակիցների մեջ կան առողջական խնդիրներով բազմաթիվ անձինք։ Նրանք առաջին բուժօգնությունն արագ ստանում են տեղում, այնուհետև որոշվում է, թե արդյոք հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա։ Եթե դրա կարիքը կա, ապա նրանք միանգամից հոսպիտալացվում են, եթե ոչ, ամբուլատոր կերպով կազմակերպվում է նրանց հետագա բուժօգնությունը։ Այդ ընթացքում սոցիալական մարմինները զբաղվում են նրանց տեղավորման հարցերով»,- նշեց Ավանեսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում 12։00-ի դրությամբ բուժում են ստանում 361 բուժառուներ, որոնցից 221-ը պայթյունից ստացած վնասվածքներով են, 114-ը ռազմական ագրեսիայի արդյունքում տարբեր վիրավորումներ ստացած անձինք են, իսկ մնացած 26-ն առողջական այլ խնդիրներով բուժառուներ են։

«Այս ամբողջ ընթացքում տեղափոխման ժամանակ և արդեն բժշկական կազմակերպություններում գրանցված բռնի տեղահանվածների թվում գրանցվել է 14 մահ։ Շատ բուժառուների վիճակը դեռ մնում է ծայրահեղ ծանր և ծանր։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Ներգրավված են բազմաթիվ մասնագիտական ուժեր թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից, որպեսզի միասնաբար, միահամուռ ուժերով կարողանանք համապատասխան բուժօգնություն տրամադրել մեր հայրենակիցներին։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում են 10 երեխաներ, որոնք տուժել են պայթյունի ժամանակ կամ  վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ։ Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը կայուն, իսկ մեկ երեխայի մոտ արդեն գրանցվել է դրական դինամիկա։ Քանի որ ամբողջ ճանապարհը եղել է գերբեռնված ու խցանված, այս գիշեր վթարի հետևանքով երկու փոքրիկներ տեղափոխվել են բժշկական կենտրոններ՝ ստանալով համապատասխան բուժօգնություն»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ 10 ամիս շրջափակման մեջ լինելու հետևանքով կան խիստ սրված առողջական խնդիրներով անձինք, ովքեր չեն ունեցել իրենց քրոնիկ հիվանդությունների բուժման ընթացքն ապահովելու անհրաժեշտ դեղորայքը, հետևաբար տեղահանման հետ կապված այս իրավիճակը, սթրեսը և սննդի բացակայությունը վկայում էին, որ լինելու է դիմելիության մեծ աճ։ Նախարարը հավաստիացրեց, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվելու են ՀՀ-ում առկա պետական պատվերի ողջ ծավալից, ինչը նշանակում է, որ Հակարիի կամուրջը հատելիս նրանք կստանան առաջնային բուժօգնության, այնուհետև ամբուլատոր օղակներում, պոլիկլինիկաներում ամբողջական ծառայությունների փաթեթը։ Հիվանդանոցային բուժօգնության ամբողջ ծավալը ևս պետական պատվերի շրջանակում հասանելի է լինելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին։

«Մենք գործընկերների հետ արդեն իսկ իրականացնում ենք նաև առողջական տվյալների հաշվառման գործընթաց։ Առաջիկա օրերին, երբ կունենանք տվյալներ հիմնական բոլոր տեղակայման վայրերի մասին, մեր մոբիլ թիմերը նույնպես կաշխատեն ակտիվ կերպով, կայցելեն և կգնահատեն մարդկանց կարիքները։ Պատրաստվում ենք բոլորին, ըստ անհրաժեշտության և կարիքի, հասցեագրել։ Բացի բուժօգնության ծառայություններից, արդեն ձեռնամուխ ենք եղել նաև բուժաշխատողների հետագա աշխատանքային և կրթական ծրագրերի իրականացմանը։ Առողջապահության նախարարության կայքում հրապարակված թեժ գծի միջոցով հնարավոր է ստանալ տեղեկատվություն, հաշվառվել, և ԱՆ մասնագետները մարդկանց հետ անմիջական կապի մեջ լինելով՝ կզբաղվեն նաև նրանց հետագա աշխատանքով ապահովելու, կրթական ծրագրերում ներգրավելու գործով։ Բոլոր ծառայությունները կլինեն հասանելի»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը։

Նույն շարքից