Լրահոս Քաղաքականություն 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը

analitik.am

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

Ըստ նրա, դրանով Հայաստանը դառնում է միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: «Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- ասված է նրա գրառման մեջ:

Ավելի վաղ, Կոլոննան X-ում լուսանկար էր տարածել՝ գրելով, որ վերադարձել է Հայաստան՝ իր առաջին այցելությունից 5 ամիս անց: «Բարեկամություն, աջակցություն, համերաշխություն»,- գրել էր նա:

Հոկտեմբերի 3-ին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախապես տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննային կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

«Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը:

Նույն շարքից