Փարիզում ընթացող ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմի հանդիպումը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով Ա. Աշոտյանին եւ շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու համար, տիկին Վալո-Բելկասեմը փոխանցել է ֆրանսիական պատվիրակության բարձր ու ջերմ տպավորություները Երեւանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի անդամ երկրների նախարարական գագաթաժողովի վերաբերյալ, ափսոսանք հայտնելով, որ ինքն անձամբ չի կարողացել մասնակցել այդ կարեւոր ու խորհրդանշական միջոցառմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Արմեն Աշոտյանը մեծապես կարեւորել է հայ-ֆրանսիական հարաբերությունները կրթության ոլորտում ՝ընդգծելով դրանց համար նպաստավոր քաղաքական եւ բազմադարյա բարեկամական հենքի առկայությունը:
Նախարարները քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեության, հավատարմագրման, Հայաստանում ֆրանսերենի ուսուցման, ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարների եւ մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: