Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի՞ն, թե նախապայմաններ ստեղծում այն ավելի թուլացնելու համար

analitik.am

Անցած տարվա սեպտեմբերին պաշտոնական Երևանի ԵՏՄ-ին անդամակցելու անակնկալ որոշումը, հայրենի իշխանություններն արդարացնում էին ստեղծված տնտեսական պայմաններով և երկրի անվտանգության գործոնով: Սակայն, այս քայլը չնպաստեց երկրի անվտանգության բարձրացմանը, Ռուսաստանը շարունակեց ու շարունակում է զենքի մեծածավալ խմբաքանակի վաճառքն Ադրբեջանին, իսկ վերջինս ակտիվացնում է զինված ընդհարումներն ու դիվերսիոն գործողությունները շփման գծում:


Կրեմլի անտարբեր վերաբերմունքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարակուսանք և բազմաթիվ հարցեր են առաջացնում: Երբ մեր երկրում բողոքի ձայն է բարձրանում Մոսկվայի կողմից Բաքվին մեծածավալ զենք մատակարարելու կապակցությամբ, մեր իշխանություններն ու որոշ քաղաքագետներ, ստանձնելով Կրեմլի փաստաբանի դերը, Մոսկվայի քայլերը ներկայացնում են որպես կոմերցիոն գործունեություն, որտեղ Ռուսաստանը ելնելով իր առևտրատնտեսական շահերից, զենք է վաճառում Ադրբեջանին:


Նման փաստարկն ընդունելի կլիներ այն դեպքում, եթե Ռուսաստանը չհանդիսանար Հայաստանի դաշնակիցը, իսկ վերջինս պատերազմական դրության մեջ չգտնվեր Ադրբեջանի հետ: Սա նույն բանն է, եթե Օբամայի կառավարությունը զենք վաճառեր Պաղեստինի ինքնավարության իշխանություններին, իսկ իսրայելական որոշ գործիչներ, փորձելով հանգստացնել հրեա ազգաբնակչությանը, այդ քայլը ներկայացնեին որպես առևտրային գործարք:


Նման հանգամանքներում ԱՄՆ-ի ու Իսրայելի հասարակական և քաղաքական շրջանակներում այնպիսի բողոքի ալիք կբարձրանար, որ ԱՄՆ-ի կառավարությունը ստիպված կլիներ հրաժարական տալ, իսկ Թել Ավիվը Սպիտակ տունը կխարազաներ դավաճանի պիտակով: Այս ամենով հանդերձ կա ևս մեկ հետաքրքիր հանգամանք, եթե ընդունենք որ Ռուսաստանը չի կարող հրաժարվել բազմամիլիոնանոց ռազմական պատվերներից, որի հետևանքով սպառնալիքի տակ է դրվում իր դաշնակցի անվտանգությունը, այդ դեպքում ինչ՞ու հրաժարվեց Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկից: 2013թ. Արևմուտքը վճռականորեն էր տրամադրված Սիրիայի նկատմամբ իրականացնել օդային հարձակումներ և միայն Ռուսաստանի ակտիվ դիվանագիտական ջանքերի շնորհիւվ արևմտյան երկրները չներքաշվեցին սիրիական հակամարտության մեջ: Սաուդյան Արաբիան առաջարկեց Մոսկվային յոթ հարյուր միլիոն դոլարանոց գործարք՝ միայն թե Ռուսաստանը չօժանդակեր Բաշար ալ Ասադին , բայց Կրեմլը չգնաց այդ գործարքին և հավատարիմ մնաց դաշնակից երկրին, որտեղ տեղակայված է ռուսական ռազմածովային հենակետը:


Ստացվում է՝ Կրեմլը միշտ չէ որ ստորադասում է դաշնակցի շահերը հանուն ֆինանսական հսկայական եկամուտի: Այդ դեպքում ինչու՞ մեր դեպքում ռուսաստանը նույնը չի անում: Ժամանակն է, որ մենք հստակ պարզաբանենք՝ արդյոք Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի դաշնակիցը, թե՞ վերածվում է ռուսական շահերի սպասարկման առարկայի: Այսօր Մոսկվայի համար ավելի մեծ նշանակություն ունի ածխաջրածնային պաշարներով հարուստ Ադրբեջանը , քան շրջափակման մեջ գտնվող, բայց Ռուսաստանին հավատարիմ ու վստահելի աղքատ Հայաստանը:


Այս պայմաններում, երբ օր օրի սրվում են Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունները, Հայաստանը հայտնվում է կրկնակի հարվածի տակ, մի կողմից, Մոսկվան օգտվելով իր դաշնակցի ոչ բարենպաստ պայմաններից, որոշ հարցերում անտեսում է նրա շահերը, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքն անարձագանք կթողնի Ռուսաստանի դաշնակցի արդարացի իրավունքներն ու պահանջները: Ռուսաստանի կողմից ստեղծված անվտանգության համակարգը, որին անդամակցում է Հայաստանը, չափազանց թանկ է նստում պաշտոնական Երևանի վրա: Այս տխուր իրավիճակի գլխավոր պատճառը պայմանավորված է Հայաստանի իշխանավորների սխալ արտաքին քաղաքականությամբ, փոխանակ ակտիվորեն պաշտպանեն Հայաստանի կենսական շահերը, զբաղված են Մոսկվայի վարած քաղաքկանության աջակցությամբ:


Հաշվի առնելով վերը թվարկված հանգամանքները՝ դժվար չէ կանխատեսել, որ հունվարի 1-ից հետո, երբ անդամակցենք ԵՏՄ-ին, Հայաստանին սպասվում են ոչ խոստումնալից հեռանկարներ, քանի որ դժվար թե նման կեցվածքով մեր իշխանությունները կարողանան հետամուտ լինել Հայաստանին հուզող հարցերին և ազգային շահերին:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից