Քաղաքականություն 

Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ

analitik.am

«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի կարգավիճակը»,-այդ մասին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և այլ օրենքների նախագծերի փաթեթը:

Նրա խոսքով՝ Ոստիկանության գվարդիային է վերապահվելու հասարակական կարգի, անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցությունը, քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակումը, ռազմական և արտակարգ ռեժիմների իրականացման շրջանակում օժանդակությունը:

Սարգսյանն ասաց, որ Ոստիկանական գվարդիան չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը:

«Այն ձևավորվելու է ոստիկանության հետևյալ ստորաբաժանումների բազային հենքով՝ Ոստիկանության զորքեր, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում առկա հատուկ ստորաբաժանումներ, և ունենք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից եկող ստորաբաժանում՝ վարույթի շրջանակներում անձանց պաշտպանության տեսանկյունից»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ հիշատակած ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը։

Ըստ Արփինե Սարգսյանի՝ բացի Երևանից նաև ստորաբաժանումներ կլինեն Հայաստանի  3 հատվածներում՝ հյուսիսային, կենտրոնական, հարավային:

Նա հայտնեց, որ չի լինելու Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոն, որը նշանակում է ՀՀ նախագահը, այլ կլինի Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն, որը կնշանակվի ՆԳ նախարարի կողմից։

Փոխնախարարաը հայտնեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի 6 ամիս անցումային ժամանակահատված, մինչև 2025 թվականի հունվարի 10-ն էլ նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում ձևավորվի ամբողջ կառույցը:

Նույն շարքից