Քաղաքականություն 

Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը. Սերժ Սարգսյան

analitik.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

«20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության  աչքի առջև, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության և անգործության պայմաններում: Բռնի տեղահանվեց, հայրենազրկման, զանգվածային կոտորածների ենթարկվեց մեկուկես միլիոն հայ,  ոչնչացվեց հազարամյակներով ստեղծված հայկական ժառանգության զգալի մասը: Թուրքիան, չնայած ակնհայտ բազմաթիվ փաստերին, ականատեսների վկայություններին, մինչ այժմ ժխտում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ  ծանրագույն հանցագործությունը:

Անցյալ դարասկզբի առաջին և անպատիժ ցեղասպանությունն այդպիսով ծնեց մարդկության դեմ ուղղված հետագա նոր հանցագործություններ. աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ  էթնիկ զտումների, այլատյացության ու ցեղասպանության դեպքերը, ցավոք, այլևս իրողություն են:
Ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի և նրան անթաքույց, ամեն կերպ սատարող Թուրքիայի ջանքերով հազարամյակների իր բնօրրանից բռնի տեղահանվեց 140 հազարից  ավելի հայ, նրանցից ոմանք ճանապարհին անմարդկային պայմաններում մահացան քաղցած, հիվանդ, ուժասպառ ու հուսահատ: Բռնագաղթից առաջ  արցախահայությունը շուրջ մեկ տարի պատերազմի ամենօրյա սպառնալիքի պայմաններում դիմակայեց համատարած շրջափակման, հումանիտար ճգնաժամի դաժան պայմաններին: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն  այսօր Արցախում անպատիժ ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը:

Այլատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը և Թուրքիան, որ իրենց կոչում են մեկ ազգ՝ երկու պետություն, այժմ էլ  խաղաղասիրական կեղծ թեզերով փորձում են բթացնել միջազգային հանրության զգոնությունը և ավարտին հասցնել անցյալ դարասկզբին սկսած հանցագործությունը՝ հանուն պանթյուրքիզմի իրենց վաղեմի ծրագրի:
Խաղաղություն չի´ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե  խաղաղության ճանապարհ է:

Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը: Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար:

Մենք այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը և պահանջում Հայաստանի Հանրապետության կառավարիչներից՝ պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում:

Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը»:

Նույն շարքից