Առողջապահություն Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Որքանո՞վ է վտանգավոր շրթունքների արհեստական մեծացումը, և արդյոք տղամարդկանց դուր են գալիս արհեստական շրթունքներով կանայք

analitik.am

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հետզհետե ավելանում են այն բժշկական հաստատությունները, որտեղ իրականացվում է շուրթերի ձևի և չափերի փոփոխություն:

Գեղեցիկ և գայթակղիչ շուրթեր ուզում են ունենալ գրեթե բոլոր կանայք, սակայն լինում են դեպքեր, երբ բացի տարբեր մեթոդներով իրականացվող շուրթերի ծավալի մեծացման արդյունքում առաջացած բարդությունները, երբեմն այդ պրոցեդուրայից հետո շուրթերը տգեղ տեսք են ստանում:

Այս և մի քանի այլ հարցերի շուրջ Analitik.am- ը զրուցեց պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Վահան Դավթյանի հետ:

Նախ մասնագետն առանձնացրեց շուրթերի ծավալի ավելացման համար նախատեսված մի քանի մեթոդներ, որոնք իրականացվում են այժմ և նաև նշեց թե ի՞նչ նյութերով են կատարվում այդ պրոցեդուրաները: Շուրթերի ծավալի մեծացման և ձևի փոփոխության տարբեր մեթոդներ կան, դրանցից են.

- աուգմենտացիա ֆիլերներով

- լիպոֆիլինգ

- սիլիկոնային ինպլանտներ

- վիրահատական մեթոդներ (V-Y պլաստիկա)

- APTOS թելերի միջոցով

«Առավել տարածված է ֆիլերներով աուգմենտացիան և լիպոֆիլինգը»,-  նշեց մասնագետը:

Վ.Դավթյանը ընդգծեց նաև, որ լիպոֆիլինգը սեփական ճարպի իմպլանտացիան է հատուկ կանյուլայի (ասեղի) միջոցով, իսկ ֆիլերների աուգմենտացիան առավել հաճախ է կիրառվում և բացարձակ անվնաս է:

«Ֆիլերները դրանք գիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ծավալ հաղորդող նյութերն են, լինում են տարբեր խտության և որակի»,- ասաց մասնագետը:

Ներարկումը  տևում է 15-20 րոպե՝ տեղային ցավազրկամբ, իսկ արդյունքը պահպանվում է 6-18 ամիս:

Նյութերի վնասակարության մասին խոսելիս մասնագետն ասաց, որ նյութերը բացարձակ անվնաս են և իներտ:

Հարցրեցինք նաև՝ արդյո՞ք շրթունքների ծավալի ավելացումն անհարմարության զգացողություն չի առաջացնում այն կանանց մոտ, ովքեր դա անում են, որին ի պատասխան մասնագետը բացառեց անհարմարության զգացողության վարկածը, քանի որ ֆիլերներն իրենց փափկությամբ համապատասխանում են հյուսվածքների փափկությանը:

«Գրագետ մասնագետի կողմից կատարված ներարկումներից հետո դիսկոմֆորտի առաջացման հավանականությունը մինիմալ է»,-ավելացրեց մասնագետը:

Իսկ վերջում Վ.Դավթյանը խորհուրդ տվեց կանանց սիրել սեփական անձը և տեսնել ինդիվիդուալ գեղեցկությունը, որն իրենք ոչ թե փոխում են, այլ ընդգծում:

«Սեփական արտաքինը մոլեռանդ փոխելու ցանկությունը խոսում է հոգեբանական խնդիրների մասին»,-իր խոսքը  եզրափակեց մասնագետը:

Analitik.am –ն այս թեմայի վերաբերյալ հարցում անցկացրեց  նաև տղամարդկանց շրջանում՝ պարզելու համար, թե որքանո՞վ է գեղեցիկ, երբ կանայք մեծացնում են իրենց շուրթերը:

Պարզվեց, որ տղամարդկանց մեծամասնության կարծիքով, նմանատիպ պրոցեդուրան կանանց համար կոմպլեքսներից ազատվելու, ինքնագնահատակը բարձրացնելու հերթական միջոց է. «Դա անում են այն կանայք, ովքեր ինքնավստահ չեն և ուշադրության կարիք ունեն, խելացի և կայացած կինը նման բաներ չի անի, քանի որ այդպիսի կանայք գիտեն իրենց արժեքը»,-ասաց նրանցից մեկը

Մեկ այլ տղամարդու կարծիքով, եթե դա չի անցնում գռեհիկության սահմանները, ապա այդ ամենն  ընդունելի է. «Եթե կինն իրոք շատ բարակ շուրթեր ունի և անընդհատ կոմպլեքսավորվում է դրանից, ապա ոչ մի խնդիր չեմ տեսնում, իսկ երբ առանց հասկանալու շաբաթը մեկ շուրթերը մեծացնում են, արդյունքում շատ անտանելի տեսք են ստանում»:

Հարցմանը մասնակցող տղամարդկանց մի քանիսի կարծիքով էլ, կինը պետք է տղամարդուն դուր գա բնական տեսքով, որովհետև  այս դեպքում խոսքը չի վերաբերում խնամվածությանը, որովհետև երկու կողմերին էլ դուր կգա խնամված լինելը, ոչ թե արտահայտված անբնական շուրթերը:

Տղամարդկանցից մեկն էլ ասաց, որ դեմ չէ, բայց միայն այն դեպքում, երբ իրոք դրա կարիքը կա և ովքեր իսկապես դժգոհ են իրենց արտաքինից, բայց ոչ այն կանայք, ովքեր դա անում են զուտ նորաձև երևալու համար. «Անձամբ ես չեմ ցանկանա, որ իմ ընկերուհին կամ կինն օգտվի նմանատիպ ծառայություններից, քանի որ ես ու, իմ կարծիքով, շատերն ուզում են, որ իրենց կողակիցը լինի բնական»,- ասաց տղամարդը:

Տղամարդկանցից մեկի կարծիքով էլ՝ ինչ նորաձև  է դարձել այս պրոցեդուրան, համատարած մառազմ է տիրում. «Ես չեմ տեսել գրագետ ու գեղեցիկ լցրած շուրթեր»:

Նրանցից մի քանիսի կարծիքով, կանայք երբեմն չեն գնահատում իրենց տրված պարամետրերը և հիմնականում արդյունքն ավելի շատ բացասական է ստացվում,  քան  դրական։

«Ես լուսանկարիչ եմ ու անգամ երբ գեղեցիկ աղջիկ եմ հավանում, ում շուրթերը լցված են, ապա փոշմանում եմ իրեն նկարելուց»,- ասաց տղամարդը:

Հարցման մասնակիցներից մեկն էլ նշեց, որ այլ հարց է, եթե կանայք դա անում են, և իրենց ամուսիները դեմ չեն: Սակայն, այստեղ կա մեկ այլ հարց. «Ինքնահաստատման խնդիր կա, որն իմ կարծիքով շատ վատ է անդրադառնալու ապագա սերնդի վրա»,-դժգոհեց տղամարդկանցից մեկը:

Ըստ նրանց կարծիքի, հետևանքները բազմաթիվ են, բայց առաջնայինն այն է, որ հայ կինը հեռանում է բնական կերպարից՝ արհեստական տեսք տալով իրեն. «Բոլորն էնքան նման են իրար, որ մարդ երբեմն չի կարողանում հասկանալ արյունակից են, թե անծանոթ, ոնց որ «ինկուբատորի ճտեր» լինեն»:

«Կանանց պետք է սիրել այնպիսին, ինչպիսին Աստված է ստեղծել, ոչ թե սիրենք սիլիկոնները, դաջված հոնքերը և լցրած շուրթերը»,-ասաց մեկ այլ տղամարդ:

Տղամարդկանցից որոշների կարծիքով այդ պրոցեդուրան կարող է  ունենալ վատ հետևանքներ՝ ընդհուպ մինչև առողջական լուրջ խնդիրներ առաջացնելը. «Կարծում եմ՝ ինչպես ցանկացած օտար մարմին, այնպես էլ այդ նյութերը, որով մեծացնում են շուրթերը, չի կարող բացարձակ անվնաս լինել»,- ասացին նրանք:

Նրանցից մեկն էլ ասաց, որ դեմ չէ, քանի որ կանանց մեծամասնությանը բնությունը շնորհել է բարակ շուրթեր. «Եթե այդպիսի շուրթերը մեծացնելուց չխաթարվի դեմքի համաչափությունը, ուրեմն ոչ մի խնդիր, բայց, ցավոք, հիմնականում ավելի շատ խաթարվում է»։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից