Այս անգամ Իրանը չի ընդունի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հրադադարի գաղափարը. պետք է ստեղծվեն հուսալի մեխանիզմներ, որպեսզի ագրեսիայի նոր փուլը անհնար լինի։ Այս մասին ապրիլի 7-ին Երևանի պետական համալսարանում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա հույս է հայտնել, որ ագրեսիվ պատերազմը կդադարի, և հակամարտությանը իրական վերջ կտրվի։ Նա գնահատել է, որ դրան կարելի է հեշտությամբ հասնել, եթե ԱՄՆ-ն վերագտնի իմաստությունը։
Դեսպանը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջին հերթին» կարգախոսը դարձել է «Իսրայելն առաջին հերթին»՝ դա համարելով որպես հակամարտության արմատական պատճառ։
«Մենք հույս ունենք, որ իմաստությունը կվերադառնա Սպիտակ տուն և որ այն կկանգնեցնի հանցագործ Նեթանյահուին (Իսրայելի վարչապետ - խմբ.)։ Ես նաև հույս ունեմ, որ որոշ երկրներ կհասկանան, որ սա շատ լուրջ հետևանքներ կունենա իրենց և ամբողջ աշխարհի համար, այդ թվում՝ տնտեսական։ Հուսով եմ, որ այն երկրները, որոնք իսկապես մտահոգված են այս հետևանքներով, պետք է ստիպեն ԱՄՆ-ին և Իսրայելին դադարեցնել Իրանի դեմ իրենց ագրեսիան», - նշել է Շիրգոլամին։
Նա կրկնել է, որ Իրանը պարզապես չի ձգտում հրադադարի, այլ պաշտպանում է թշնամանքի և բախման իրական դադարեցումը։
«Վերջին անգամ՝ 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ Իսրայելը գտնվում էր ուժեղ ճնշման տակ և հարված էր ստանում իրանական հրթիռներից, նրանք խնդրեցին ԱՄՆ-ին միջամտել և սկսել հրադադար, և մենք ընդունեցինք այս գաղափարը։ Ի՞նչ պատահեց։ Վեց ամիս անց ագրեսիան վերսկսվեց», - նշել է դիվանագետը։