Երեկ տեղի ունեցավ «Մի գդալ սեր» նոր ռոմանտիկ մելոդրամայի պրեմիերան Կինոմոսկվայում։ Ֆիլմը ստեղծվել է ըստ գերմանացի գրող Փ. Ջ. Անդերսոնի «Սիրո բաղադրատոմսը» վեպի, մի պատմություն, որտեղ խոհարարությունը դառնում է սիրո, ինքնաճանաչման և հայկական ինքնության բացահայտման լեզու։ Ֆիլմի սյուժեն միահյուսում է Հայաստանի և Բոստոնի գեղագիտական հակադրությունը՝ սրտաբաց սիրո պատմության ներքո։

«Այս օրվան եկել ենք գրեթե մեկ տարի։ Մեր առաջին նկարահանումը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 9-ին։ Շատ ճիշտ ժամանակահատվածում ենք հանձնում ֆիլմը լսարանի դատին։ Հույս ունենք, որ այն կհետաքրքրի, ջերմություն կփոխանցի՝ ստիպելով ժամանակ առ ժամանակ վերադառնալ դրան։ Սա Mitoyan Production-ի և HK Production-ի համատեղ աշխատանքն է։ Ունենք նաև Ազգային կինոֆոնդի աջակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մի գդալ սեր» ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ Հրաչ Քեշիշյանը։

Սցենարի մյուս հեղինակը Արտակ Ալեքսանյանն է։ Նրանք միասին Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գրքի հիման վրա ստեղծել են ֆիլմի սցենարը։ Ի դեպ, սա Արտակ Ալեքսանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, սակայն նա ակնարկեց, որ արդեն աշխատում են ևս մեկ ֆիլմի վրա։

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Անի Խաչիկյանը և Ներսես Ավետիսյանը։ Ըստ ռեժիսորի՝ Անի Խաչիկյանի հետ սա իրենց առաջին համատեղ ֆիլմն է, իսկ Ներսեսի հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Միաժամանակ, Քեշիշյանին ուրախացնում է այն փաստը, որ դերասանուհիներ Մարջան Ավետիսյանը և Նազենի Հովհաննիսյանը համաձայնել են նկարահանվել՝ անգամ չծանոթանալով մանրամասներին. Քեշիշյանի գործոնը բավարար էր։

«Սա ռեժիսորի համար մեծագույն հպարտություն է։ Այդպես է եղել նաև Ռաֆայել Երանոսյանի և Գրիգոր Դանիելյանի, Լևոն Հարությունյանի և Արսեն Գրիգորյանի պարագայում»։ Պրոդյուսեր Միտոյանի խոսքով՝ միակ հրաժարվողն Իննա Խոջամիրյանն էր, սակայն Քեշիշյանը դա բացատրեց Իննայի կյանքի փոքրիկ դրամայով։ Մարջանը լրագրողների հետ զրույցում կատակեց՝ ասելով, որ այն բոլոր դերերը, որոնք կարող էր մերժել մյուս ռեժիսորներին, Քեշիշյանին չի կարող մերժել։ Ֆիլմն ունի նաև երաժշտական գեղեցիկ ձևավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։
«Իմ լավ ընկեր Րաֆֆի Ալթունյանը մի օր ինձ հաղորդագրություն ուղարկեց, որին կցել էր Հայկոյի գրած մեղեդին։ Լսեցինք ու հասկացանք, որ այն հրաշալի ձևով համապատասխանում է ֆիլմին։ Արման Պարսամյանն էլ գործիքավորումն արեց, ինչի արդյունքում իմ լավ ընկեր Հայկոն կրկին ինձ հետ է։ Որպես գլխավոր սաունդթրեք ընտրել ենք Ռոլանդ Գասպարյանի «Մի գդալ սեր» երգը, որի շնորհիվ էլ ֆիլմը ստացավ իր անունը։ Պարզապես դրա քավեր տարբերակն ունեցանք Kami Friends-ի շնորհիվ։ Նրանց հետ ևս մեկ սաունդթրեք ենք ունենք։ Ինձ նաև միջազգային երգ էր պակասում։ Եվ հենց այդ ժամանակ Իվետա Մուկուչյանը թողարկեց իր անգլալեզու ալբոմը։ Այնտեղից էլ օգտագործեցինք «On My Mind» երգը։ Իսկապես տիեզերքը նպաստեց, որ ամեն ինչ մեր ցանկացածով դասավորվի։
Ֆիլմում հնչում է նաև Արսեն Գրիգորյանի երգը և այլ ստեղծագործություններ»։ Ըստ Ներսես Ավետիսյանի՝ անկախ խոհարարի կերպարը մարմնավորելու ընթացքում խոհանոցի հանդեպ սեր իր մոտ չառաջացավ, սակայն նկարահանումներին մանրակրկիտ պատրաստվել է։ Ֆիլմում ամեն բան արված է սիրով։ Դերասանուհի Անի Խաչիկյանն անգամ իր տան սպասքն է օգտագործել նկարահանումների համար։ «Իմ տան ջերմությունն էի զգում, ինչը ինձ օգնում էր։ Սա էլ իմ «Մի գդալ սերն» է»։
Առհասարակ, բոլոր դերասանները միաձայն պնդում են, որ Քեշիշյանը նկարահանման հրապարակում իրենց ազատություն է տալիս՝ թողնելով ինքնադրսևորվել։ Միաժամանակ, նա «երես է տալիս», սակայն նրա նկարահանման հրապարակում պետք է մաքսիմալ անկեղծ լինեն։ Ֆիլմը նկարահանվել է Տավուշի մարզում։ Սակայն, ըստ նկարահանող խմբի, կարող էին նկարահանել Հայաստանի ցանկացած կետում, բայց Դիլիջանում նկարահանումներ իրականացնելն ամենահարմարն էր։ Թեպետ Քեշիշյանը ցանկություն ուներ ֆիլմը նկարահանել Սյունիքում։ Ռեժիսորը վստահեցնում է, որ սա մի մեծ խմբի էներգիայի արդյունքն է։ «Օրինակ՝ Բոստոնի տեսարանը նկարահանել ենք Արտակ Ալեքսանյանի տանը, մեկ այլ տեսարան՝ մեր մեկ այլ թիմակցի տանը։ Ներսեսի կոշիկները, Անիի ափսեները և շատ այլ դետալներ փաստում են բոլորի սիրո մասին։ Անշուշտ, մենք կարող էինք տուն վարձակալել, բայց այս ամենի մեջ խորհուրդ կար»։
«Մի գդալ սերը» սեպտեմբերի 3-ից կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում: