Հասարակություն 

Հայաստանում ԱԲ մասով պահանջները նախատեսվում է տարածել նաև կայքերի վրա․ նախարար

Օրինագիծը (ընդունվելու դեպքում), որը պարտադրում է տեսալսողական մեդիային նշել, որ բովանդակությունը ստեղծվել կամ փոփոխվել է արհեստական բանականության (ԱԲ) օգնությամբ, առայժմ չի տարածվի ինտերնետային տիրույթի վրա։ Այս մասին ապրիլի 7-ին խորհրդարանի արտահերթ նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա բացատրել է, որ առաջիկա ամիսներին կառավարությունը խորհրդարանին կներկայացնի մի օրինագիծ, որն ավելի լայնորեն կկարգավորի այս ոլորտը։

Հայրապետյանը հստակեցրել է, որ առաջարկվող նախագծով՝ տեսանյութերի դեպքում նյութերի սկզբում և վերջում պետք է գրվի, որ տեսանյութը գեներացվել է արհեստական բանականության միջոցով: «Աուդիո նյութերի (ռադիո) դեպքում սա պետք է հայտարարվի որոշակի ծրագրի կամ բովանդակության սկզբում և վերջում», - հավելել է նա։

Նախարարը վստահեցրել է, որ բովանդակության մոնիթորինգի ժամանակ հեռուստաալիքների նկատմամբ տարբերակված մոտեցում չի կիրառվի։ Հայրապետյանը բացատրել է, որ մոնիթորինգը կիրականացվի նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ստացված ազդանշանների հիման վրա։

Նրա խոսքով՝ աշխարհի ոչ մի երկիր դեռևս չի գտել ռիսկերի 100%-ով վերացման բանաձևը։ Նախարարը բացատրել է, որ Հայաստանի իշխանությունները նույնպես փորձում են մեղմել հնարավոր ռիսկերը։

Նշենք, որ այս պահանջը չկատարելու դեպքում կսահմանվի 300,000 դրամ տուգանք։ Օրենքի պահպանումը կհսկի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։

Նույն շարքից