Հայաստան Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանը, որպես Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, 2012թ-ին դիմում է ներկայացրել ՍԴ. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարզվում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սահմանադրական դատարանի լիազորությունների և գործունեության մասին գիտելիքներին նույն սահմանադրական դատարանն անդրադարձել է դեռևս 2012թ-ին, իր ՍԴՈ-1035 որոշմամբ։

Այսպես, Վահե Գրիգորյանը, որպես Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, 2012թ-ին դիմում է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով անվավեր ճանաչել «Թիվ 7 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշումը և 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ճանաչել Նիկոլ Փաշինյանին:

Որպես պահանջի հիմնավորում Ն.Փաշինյանի ներկայացուցիչը բարձր դատարանին հայտնել է, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի իրականացմանը: Դիմողը գտել է, որ «Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը խախտել էր ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետը այն է` նախընտրական քարոզչության սահմանված կարգը: Նրա անունից ընտրողներին գումար է բաժանվել և նա անձամբ ընտրողներին խոստացել է անվճար ծառայություներ մատուցել:

Իրավաբանները կարդալով վերոնշյալ պնդումները, որոնք ներկայացվել են սահմանադրական դատարանին, վստահ եմ, որ այս պահին սկսեցին կամ ծիծաղել, կամ էլ առնվազն տարակուսել։ Բանն այն է, որ իրավաբան Վահե Գրիգորյանը սահմանադրական դատարանից պահանջել է քննել այնպիսի հանգամանքներ, որի լիազորությունը սահմանադրական դատարանը պարզապես չունի։ Կրկին հիշեցնեմ, որ Վահե Գրիգորյանը հիմա ՍԴ դատավոր է:

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Վահե Գրիգորյանը շարունակելով իր հիմնավորումները նշել է, որ ԿԸՀ-ի գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը զրկվել է ՀՀ վարչական դատարան դիմելու հնարավորությունից: Նշել է նաև, որ թեկնածուների կողմից և նրանց անունից ընտրողներին գումար բաժանելու ու անվճար ծառայություններ մատուցելու խոստումներ տալու` լրատվամիջոցների կողմից արձանագրված փաստերը փորձել են անտեսել նաև կենտրոնական ընտրական հանձ­նա­ժողովը:

Սահմանադրական դատարանը, ինչպես արդեն նշեցի, դեռևս 2012թ-ին մերժելով դիմումը հետաքրքիր գնահատականների է հանգել, մասնավորապես նշելով (ՍԴՈ-1035, 03.07.2012թ. ՍԴ որոշում), որ «...ընտրական գործընթացի առանձին մասնակիցներ խորությամբ չըմբռնելով 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի նոր խմբագրությամբ 3.1-րդ կետի իմաստը` անհիմն փորձում են Սահմանադրական դատարանը դիտարկել որպես ընտրական վեճ լուծող առաջին ատյանի դատարան…»:

Արդյունքում սահմանադրական դատարանը մերժել է դիմումը։

Այսպիսով կարող ենք առնվազն երկու եզրահանգում անել.

1) վարչապետ Փաշինյանի գլխավոր իրավաբան-խորհրդատուն իր արդեն հայտնի գիտելիքների պաշարով շարունակում է այնպիսի խորհուրդներ տալ, որոնց հետևանքով գրանցվել է ՀՀ-ում պետական համակարգի իրավաբանական մտքի աննախադեպ անկում,

2 ) եթե պարոն Փաշինյանը ժամանակին ընտրեր գրագետ սահմանադրագետի, ապա նախ այն ժամանակ, ապա նաև հիմա, կգրանցեր մեծ հաջողություններ իրավական պետության կայացման գործում։

Պարոն վարչապետ, նախկինում նույնպես նշել եմ, որ վատ իրավաբաններից պետք է հրաժարվել, քանի որ վատ իրավաբանը վատ բժշկին հավասար չարիք է։

Իհարկե ես կարող եմ հասկանալ, որ մասնագիտությամբ ոչ իրավաբանի համար դժվար է լավ իրավաբանին վատից տարբերելը, բայց այս ընթացքում իմ կողմից հավաքված և ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գնահատել շրջապատող իրավաբաններին։

Վառ օրինակ՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ով ի վիճակի չեղավ քաղաքական իշխանության համար նույնիսկ ամենակարևոր օրենքներից մեկը (ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին) գրագետ անցկացնել։ Կանչեք ու հարցրեք, կանչեք ու թող գոնե Ձեզ ներկայացնի իր հակափաստարկներն իմ արձանագրածներին և եթե դրանք կհամարեք հիմնավոր, ապա պահանջեք, որ այն ներկայացնի նաև մասնագիտական հանրությանը կամ թեկուզ միայն ինձ։ Ի դեպ նա հրաժարվում է այդ թեմայով պատասխանել լրագրողների հարցերին։

Հ․Գ․ ինձ համար անընդունելի են դատարակ քննադատությունները: Ես կողմնակիցն եմ կառուցողական քննադատությունների, որոնք առնվազն որևէ առաջարկ են պարունակում: Հետևաբար հնչեցնում եմ այդպիսիք, որից կարելի է օգտվել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից