Հասարակություն Տեսանյութեր Տնտեսություն 

Հայաստանից արտահանվող ավտոմեքենաները խնդիր են դարձել ղազախների համար /Տեսանյութ/

Վերջին շրջանում Ղազախստանում ԵԱՏՄ այլ երկրներից ներկրված ավտոմեքենաների նկատմամբ որոշակի վերաբերմունք է ձևավորվել։ Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Մարատ Կոժաևը հայտարարել է, որ ոչ ղազախական պետհամարանիշներ ունեցող ավտոմեքենաներով հանցագործություններ են կատարում, հետագայում ազատվում են այդ ավտոմեքենաներից։ Նաև նշել է, որ այդ ավտոմեքենաների մասնակցությամբ գրանցվել է ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումների ավելացում։ Ներկրված ավտոմեքենաները պետք է հաշվառման կանգնեն և վճարեն բարձր տուրքեր, չվճարելու դեպքում դրանք կամ պետք է որպես պահեստամաս օգտագործվեն, կամ վերադարձվեն վաճառողներին։


Նշվում է նաև, որ Ղազախստանի  իշխանությունները մտադիր չեն իջեցնել այլ երկրներից ներկրված ավտոմեքենաների տուրքերը և անհատական զեղչեր չեն լինելու։

Ղազախստանից հայտնում են նաև, որ, մասնավորապես, հայերն իրավունք չունեին այդ ավտոմեքենաները վաճառել ղազախներին և այսօր երկիրը կանգնած է խնդրի առջև։

Analitik.am-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը հայտնեց, որ խնդիրը կապված է ոչ միայն Հայաստանի, նաև Ղրղզստանի և Ռուսաստանի հետ․ «Մեր երկրում էլ ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենաներ կան և այդ ամենը կանոնակարգվում է։ ԵԱՏՄ օրենսդրությունը թույլ է տալիս այդ ամենը վերահսկել»։

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանն իրավունք չուներ ներկրվող ավտոմեքենաները վաճառելու ղազախներին, ասաց, որ Հայաստանն իրավունք ուներ․ «ԵԱՏՄ ցանկացած երկիր մուտք գործելուց հետո, ԵԱՏՄ ցանկացած երկրում գրանցվելուց հետո այդ ապրանքը կարող է ազատորեն տեղաշարժվել ամբողջ ԵԱՏՄ տարածքում։ ԵԱՏՄ օրենսդրությունը, փիլիսոփայությունն ընկած է ապրանքների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի հենքի վրա»։

Տնտեսագետը նշեց, որ Ղազախստանում սահմանի վրա ֆիքսում են, թե այդ ավտոմեքենան կոնկրետ ով է երկիր ներկրել և երկիրը կարող է այդ գործընթացը ներքին օրենսդրությամբ կարգավորել։

«Ղազախստանը չի կարողանալու կտրուկ քայլեր իրականացնել, եթե նա ունի խնդիր ԵԱՏՄ անդամ այլ երկրի կամ ապանքի հետ, նա կարող է ԵԱՏՄ դատարան դիմել։ ԵԱՏՄ երկրների միջև խնդրի դեպքում կա գործիքակազմ և երկրները կարող են օգտվել դրանից, իսկ Ղազախստանի քայլերը կխաթարի ԵԱՏՄ ազատ ապրանքների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի փիլիսոփայությունը»,-ասաց Պարսյանը։

Դիտարկմանը, թե ղազախները նշում են, որ ներկրված ավտոմեքենաներով հանցագործություններ են կատարվում, տնտեսագետը կատակեց․ «Ինչի այլ ավտոմեքենաներով հանցագործություններ չեն կատարվո՞ւմ։ Ղազախները շատ հանգիստ կարող են ավտոմեքենաների տերերին գտնել սահմանին,  կամ, եթե ունեն  կարգավորումների մասով  հարցեր՝ Հայաստան հարցում անեն, թե ՀՀ-ում այդ ավտոմեքենաները Ղազախստանի որ քաղաքացին է գնել Հայաստանից և արտահանել»։

Իսկ թե ինչի հետ է կապված Ղազախստանի ներքին այս խմորումները, Պարսյանը նշեց, որ ղազախները փորձում են իրենց ներքին շուկան պաշտպանել, քանի որ մեծ հոսք կա Հայաստանից, Ղրղզստանից, ՌԴ-ից և այն դեռ շարունակվում է։

«Հայաստանից արտահանվող ավտոմեքենաները դեռ էժան են։ Գուցե մի տարի հետո իրավիճակը փոխվի։ Մենք  Վրաստանի հետ էլ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, որը պահպանվում է։ Մենք կարող ենք Վրաստանից ավտոմեքենաներ ներկրել, հետո արտահանել․ այդ մասով Հայաստանը խնդիր չունի»,-շեշտեց տնտեսագետը։

Նշենք, որ ըստ տեղեկությունների, Ղազասխտանում մոտ 200 հազար ավտոմեքենաներ կան օտարեկրյա պետհամարանիշներով։

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից