Մշակույթ 

Կայացավ «Բլոկադա» ներկայացման պրեմիեր

Փետրվարի 23-ին ու 24-ին Հակոբ Պարոնյանյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Բլոկադա» ներկայացման առաջնախաղը։

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում Արցախում՝ մի տանը, որի հյուրընկալ դռները մի օր բացվում են Երևանից ժամանած ընտանիքի համար: Հյուրերը պատրաստվում էին հաջորդ առավոտյան արդեն վերադառնալ Երևան, սակայն սկսվում է բլոկադան ու, առաջին հայացքից, միմյանցից տարբեր այս մարդիկ ստիպված են լինում մնալ մեկ տան մեջ՝ ապրել, ժպտալ, օգնել և հուսադրել միմյանց, մինչև «դռները կբացվեին»…

Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները՝ Արմեն Պետրոսյանը և Սոֆիա Ղուլյանը, պիեսի հեղինակ՝ Անի Մաղաքյան, բեմանկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, երաժշտությունը՝ Արտեմ Վալտերի, զգեստների ձևավորող՝ Մարինե Թադևոսյան:

 

Ներկայացման հերոսներին մարմնավորում են Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։

Սեդրակ Գոջամանյանը պատմում է՝ ներկայացման մտահաղացումն առաջացել է Արմեն Պետրոսյանի մոտ: Համատեղ քննարկումներից հետո ռեժիսորն ու պրոդյուսերը հավաքել են թիմի անդամներին ու կարճ ժամանակ անց սկսել աշխատանքը: Սեդրակն ասում է՝ ինչպես և ծանր հիվանդության դեպքում, երբ բուժումը, սովորաբար, գալիս է հիվանդությունը ընդունելուց հետո, այնպես էլ մեր դեպքում՝ պետք է ընդունենք, որ պարտվել ենք, հետո նոր հասկանանք՝ ինչու այդպես եղավ.

 

«Եթե հասկանանք, շատ հաղթանակներ առջևում կլինեն։ Մեր կարևոր նպատակն այն էր, որ հույս պետք է տալ մեր ժողովրդին, և կարծում եմ՝ մենք ինչ-որ տեղ արեցինք դա, ինչը զգացինք դահլիճի արձագանքից»,-հավելեց ռեժիսորը:

 

Մարջան Ավետիսյանը մարմնավորում է արցախցի կնոջ, ով կորցրել է թե ամուսնուն, թե որդուն: Նրա հերոսուհին հանդիսատեսին հուզում ու, միևնույն ժամանակ, հույս է տալիս իր ուժի ու ամուր կամքի շնորհիվ: Դերասանուհու համար դերը պատասխանատու էր ոչ միայն էմոցիոնալ տեսանկյունից. նա այս ներկայացման մեջ խոսում է հենց արցախյան բարբառով: Դժվար էր, ասում է Մարջանը, սակայն հավելում է՝ կարողացավ հաղթահարել բարդությունը՝ Արցախի, արցախցիների ու արցախյան բարբառի հանդեպ իր մեծ սիրո շնորհիվ.

 

«Պիտի համապատասխաներ կերպարը, լիներ այն կինը, որը հենց իրենց ներսից է դուրս եկել։ Ես Արցախում մի քանի ամիս եմ ապրել, ֆիլմ էինք նկարում․․․ Ցավոք, շատ հաճախ չեմ եղել այնտեղ, բայց արցախցիների հետ շփում ունեցել եմ ու հատուկ սեր ունեմ իրենց հանդեպ. առհասարակ, շատ եմ սիրում տարբեր բարբառներով խոսող մարդկանց։

 

Բավական բարդ էր, քանի որ արցախյան տարբեր բարբառներ կան, սակայն ինձ հոգեհարազատ էր, ու երևի հենց այդ մեծ սիրո շնորհիվ էր, որ կարողացա ստեղծել այս կերպարը»։

 

Անդրադառնալով իր էմոցիաներին՝ դերասանուհին հավելում է.

 

«Ես փորձում էի տեղիք տալ էմոցիաներիս․ համենայնդեպս, պիտի փորձել այնպես զսպել, որ կարողանաս խոսել։ Եթե չես խոսում, կարելի է նաև չզսպել․․․ Փորձերի ընթացքում չեմ զսպել՝ մոտավորապես մեկ ամիս»։

 

Դերասան Շանթ Հովհաննիսյանը մարմնավորում է արցախցի դեդոյին՝ բարի, ազնիվ, հյուրընկալ ու իմաատուն: Դերասանի համար ևս փորձերն անցել են էմոցիոնալ ու հուզիչ. «Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որտեղ անտարբեր դառնալը շատ հեշտ է։ Կարծում եմ՝ այս թեման մեր հիշողությունն էր՝ չմոռանալ, չցավեցնել, ուղղակի հասկանալ, թե ինչի միջով ենք անցել, և այն մարդիկ, ովքեր կտրված են եղել աշխարհից, ինչ ապրումներ ու ինչ կամք են ունեցել իրենց հողին ամուր մնալու, բայց, ի վերջո, ճակատագիրն այսպես տնօրինվեց»,-ասում է դերասանը ու լավատեսորեն հավելում. «Կարծում եմ՝ այդ ամեն ինչը դեռ կշտկվի, ու մարդիկ, ովքեր լքել են իրենց օրրանը, կվերադառնան իրենց օջախները»։

 

Հաջորդիվ ներկայացումներ կլինեն մարտի 18-ին և 19-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, իսկ մայիսի 3-ին ներկայացումը կխաղան նաև Միացյալ Նահանգներում։

Նույն շարքից