Քաղաքական 

Հյուսիսային Կորեան փորձում է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ հաստատել՝ հեռու մնալով Իրանից

Հյուսիսային Կորեան միտումնավոր հեռավորություն է պահպանում իր վաղեմի գործընկեր Իրանի հետ։ Փհենյանն այս քայլով փորձում է հող նախապատրաստել Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտից հետո Վաշինգտոնի հետ նոր հարաբերություններ կառուցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի հետախուզական տվյալներին։

Ազգային հետախուզական ծառայության փակ խորհրդակցությանը ներկա գտնված պատգամավոր Պակ Սոն Վոնի խոսքով՝ փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր ԿԺԴՀ-ն Իրանին զենք կամ ռազմամթերք չի մատակարարել։ Փհենյանը ոչ միայն ցավակցություն չի հայտնել այաթոլլա Խամենեիի մահվան կապակցությամբ, այլև չի շնորհավորել նրա որդուն՝ Մոջթաբային, որն ընտրվել է որպես երկրի նոր գերագույն առաջնորդ։ Ի տարբերություն Չինաստանի և Ռուսաստանի բազմաթիվ մեկնաբանությունների՝ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հակամարտության վերաբերյալ ընդամենը երկու զուսպ հայտարարություն է տարածել։

Հետախուզությունն այս զսպվածությունը որակում է որպես դիվանագիտական հարթակի նախապատրաստում, հաշվի առնելով նաև մայիսին կայանալիք Թրամփի և Սի Ծինփինի գագաթնաժողովը։ Աշխատավորական կուսակցության փետրվարյան համագումարի ժամանակ Կիմ Չեն Ընը հնարավոր էր համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ հայտարարելով, որ եթե Վաշինգտոնը ճանաչի ԿԺԴՀ-ի միջուկային կարգավիճակը և հրաժարվի թշնամական քաղաքականությունից, ապա երկրների միջև «լավ չլինելու» պատճառներ չեն լինի։ Հետախուզությունն այս ամենը գնահատել է որպես միտումնավոր ազդանշան՝ ուղղված Թրամփին։

Թրամփը բազմիցս հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու իր ցանկության մասին՝ ընդգծելով, որ նրանք միշտ «շատ լավ հարաբերություններ» են ունեցել։

Նույն շարքից