Իշխանություն-ընդդիմություն «թեժ» մարտերը շարունակվում են։ Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում տեսանյութ էր հրապարակել, որում դիմելով Սամվել Կարապետյանին ասում էր, թե վերջինս իր խոսնակների միջոցով հորդորում է իրեն չվախենալ․ «Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ, որ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»։ Ի պատասխան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ՖԲ իր էջում հայտարարել էր՝ «Ահա, թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Դա օրինակ վարչապետի՞ խոսույթ է, ժողովուրդ»
Ահա, թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook–ի իր էջում արված հայտարարությանը։
«Դա օրինակ վարչապետի՞ խոսույթ է, ժողովուրդ»,– հավելել է նա։
Ավելի ուշ, թեմային անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ լրագրողների հետ զրույցում ասելով, որ պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում, կարելի է միլիարդատեր էլ լինել և բոմժ լինել, կարելի է ոչ մի կոպեկ չունենալ և շատ ուժեղ մարդ լինել։
«Այդ տերմինները ինքը մի քիչ խառնում է իրար։ Մյուս կողմից դա այն մարդու արտահայտությունը չի, որը վստահ է, որ 2/3 ձայն պետք է հավաքի, հետևաբար ինչ-որ իմաստով խուճապային տրամադրություններ են։
Ես երեկ էլ հայտարարեցի, որ այսօր ընդդիմության առաջատար ուժը «Մեր ձևով» շարժումն է կամ իր շուրջ հավաքված ուժը, որը ճիշտ ճանապարհով չի գնում։ Ինքը եթե այսպես շարունակեց ֆինիշին չի հասնելու, նկատի ունեմ՝ հունիսի 7–ին չի հասնելու։ Եթե ֆինիշին հասավ, ապա հավաքական ընդդիմությունը հաղթանակ է տոնելու, իսկ եթե «Մեր ձևով» շարժումը այս ձևով շարունակեց, ինքը ֆինիշին չի հասնելու։
Մենք հստակ առաջարկություն ենք արել, որը գրեթե ապահովում է «Մեծ ձևով» շարժման իշխանության գալը։ Ես շանտաժ չեմ անում, մենք փոքր ուժ ենք, և հետևաբար, մեր խոսակցականը պիտի մի քիչ ուրիշ լինի, որ վերջը տեղ հասնի, իրենց այդ երիտասարդ, անփորձ ուղեղների մեջ մտնի։ Եթե իրենք մեր առաջարկությունը չընդունեցին և մի քանի անգամ մեծ հավանականությամբ չեկան իշխանության, ապա այդտեղ լիքը հարցեր կառաջանան, թե ինչու չեն ընդունում այդ հստակ ճանապարհը։
Ըստ որոմ, եթե մեր առաջարկած միասնական ճակատի գաղափարը ընդունելի դառնա ընդիմադիր ուժերի կողմից և ճակատի մեջ գտնվող որևէ ուժ իմ և պարոն Ասլանյանի նկատմամբ կասկած ունենա, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ապա մենք այդ դեպքում կարող ենք չմասնակցել»,–ասաց նա։
Բոմժի թեման, սակայն, այսքանով չսահմանափակվեց, լրագրողները ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին հարցրեցին Նիկոլ Փաշինյանի տեսանյութի մասին՝ արդյոք Հակոբյանը Նիկոլ Փաշինյանից հրահանգ ստացել է Սամվել Կարապետյանի դեմ հարկային տեռոր իրականացնելու վերաբերյալ։ ՊԵԿ նախագահն ասաց, որ տեղյակ էլ չի տեսանյութից, չի էլ լսել այդ եթերը և նման հրահանգ չունի։
Հաշվի առնելով, որ ՀՀ-ում քաղաքական խոսույթը վաղուց անցել է թույլատրելի բոլոր սահմանները, Analitik.am-ն արձանագրում է քաղաքական ուժերի առաջընթացը և ողջունում, որ այս անգամ սահմանափակվել են «բոմժ» բառի կիրառմամբ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից «բոմժ» բառի կիրառմանը , ապա մեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանն ի նկատի է ունեցել այն հսկայական գումարները, որոնք ծախսում է Սամվել Կարապետյանը քարոզարշավի վրա՝ ներգրավելով «ուժեղագույն» մասնագետների, բայց արդյունքը կարծես թե չի արդարացնում ծախսված միջոցներն, ինչը տխուր է։
Հոդվածի նկարը պատրաստված է ԱԲ-ի կողմից։