Ապրիլի 8-ին Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ համաձայնելով դադարեցնել ռմբակոծությունները։ Այնուհետև պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը նախատեսվում է անցկացնել ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։ ԱՄՆ կողմից բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան ղեկավարի փեսա Ջարեդ Քուշները ։ Իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի Իսլամական խորհրդակցական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Սակայն, մինչ կսկսվեն բանակցությունները տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք տեղիք են տալիս եզրակացնել, որ հրադադարը գուցե երկար չպահպանվի։ Հրադադարի հաստատումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտնեց, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ The Times of Israel-ն էլ հայտնեց, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իրանին՝ չնայած հրադադարի մասին հայտարարությանը։ Նշվում էև նաև, որ իսրայելական գործողությունների դադարեցման նշաններ չկան նաև լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման դեմ, թեև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարը «անմիջապես ուժի մեջ է մտնում» և պետք է գործի «ներառյալ Լիբանանում և ամենուր»։
Ավելի ուշ նույն պարբերականը գրեց, որ ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա՝ հղում անելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին, որն ասել էր․«Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա»։ Նույն պարբերականն ավելի ուշ մեջբերեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, որով նա հայտնել էր, որ Միացյալ Նահանգները վստահեցրել է Իսրայելին, որ Իրանի հետ բանակցությունների ընթացքում կշարունակի հավատարիմ մնալ երկու երկրների ընդհանուր նպատակներին:
«Միացյալ Նահանգները վստահեցրել է Իսրայելին առաջիկա բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանային դաշնակիցների ընդհանուր նպատակներին հասնելու իր հանձնառության մեջ», - ասվում է Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ։ Նշվում էր նաև, որ Իսրայելը աջակցում է Թրամփի՝ Իրանին հարվածներ հասցնելը դադարեցնելու որոշմանը, ինչպես նաև «իրանական սպառնալիքը» չեզոքացնելու ԱՄՆ ջանքերին։
Մինչ Հայաստանում վաղ առավոտ էր ԱՄՆ վարչապետ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը։
«Մենք կմատակարարենք տարբեր ապրանքներ և պարզապես կլինենք այնտեղ՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ կընթանա։ Վստահ եմ, որ այդպես էլ կլինի», - գրել էր նա Truth Social-ում։ Նա նաև գրեց, որ Մերձավոր Արևելքում ոսկե դարաշրջան է սկսվելու․ «Հիանալի օր է աշխարհի համար... Իրանը ցանկանում է, որ սա տեղի ունենա, նրանք հոգնել են... Ինչպես ԱՄՆ-ն, Մերձավոր Արևելքը նույնպես կարող է ոսկե դարաշրջան ապրել»։ Այս հրաշալի լուրերի ֆոնին «Իսլամական դիմադրություն Իրաքում» շարժման մեջ մտնող ռազմական շիական խմբավորումները հայտարարեցին իրենց ռազմական գործողությունների երկշաբաթյա դադարեցման մասին՝ ինչպես Իրաքի տարածքում, այնպես էլ դրանից դուրս, ԱՄՆ և Իսրայելի թիրախների դեմ։
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ողջունելով Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի հաստատումը, զգուշացրեց, որ Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Նա նշեց, որ զինադադարը դրական քայլ է, բայց տարածաշրջանում լարվածությունը դեռ չի թուլացել։
Լիբանանի բանակն իր հերթին կոչ արեց երկրի հարավում գտնվող գյուղեր և քաղաքներ վերադարձող քաղաքացիներին խուսափել Իսրայելի ներխուժած տարածքներից․
«Տարածաշրջանային իրադարձությունների և հրադադարի մասին լուրերի տարածման համատեքստում բանակի հրամանատարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ հարավային բնակավայրեր վերադառնալուց և չմոտենալ այն տարածքներին, որտեղ առաջ են շարժվել իսրայելական զորքերը։ Դա անհրաժեշտ է սեփական անվտանգությունն ապահովելու համար, քանի որ հակառակ դեպքում մարդիկ կարող են վտանգել իրենց կյանքը», - ասված էր լիբանանյան բանակի հայտարարության մեջ։
Մինչ աշխարհի տարբեր երկրներ ողջունում էին հրադադարի հաստատումը, Mehr գործակալությունը հայտնեց, որ մի շարք պայթյուններ են որոտացել Իրանի հարավում գտնվող Սիրի կղզում։ Պայթյունների պատճառների մասին ոչինչ չհաղորդվեց։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարեց, որ Իրանի հետ համաձայնագիրն անվանեց «փխրուն զինադադար»: Ըստ CNN-ի՝ նա նշել է, որ այս գործընթացն իրեն շատ բան է սովորեցրել իրանական համակարգի մասին։ Վենսի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմին խնդրել է առայժմ ձեռնպահ մնալ Իրանի նկատմամբ ճնշման որոշակի ռազմական, դիվանագիտական և տնտեսական գործիքների կիրառումից։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ տարբերակներն ուժի մեջ կմնան, եթե Իրանին չհաջողվի պայմանավորվել պատերազմի դրական ավարտի շուրջ։ Խոսելով Թրամփի մասին՝ Վենսն ասել է․ «Նա մեզ ասաց նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց եթե իրանցիները նույն կերպ չվարվեն, նրանք կհամոզվեն, որ Միացյալ Նահանգների նախագահն այն մարդը չէ, ում հետ կարելի է կատակներ անել։ Նա անհամբեր է և ձգտում է հնարավորինս շուտ առաջընթացի հասնել»։
«Եթե Բեյրութի ժամանակով մինչև ժամը 14:00-ն սիոնիստները չդադարեցնեն հարձակումները և չհեռանան երկրի հարավից, մենք կչեղարկենք հրադադարի մասին մեր պարտավորությունը»։ Կարմիր Խաչն էլ հայտնեց, որ Բեյրութի վրա Իսրայելի կողմից հասցված հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 80 և վիրավորվել 200 խաղաղ բնակիչ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասով հայտարարեց, որ Իսրայելի՝ Լիբանանի վրա հարվածների դադարեցումը չի ներառվել Իրանի հետ կնքված հրադադարի համաձայնագրում՝ «Հըզբոլլահ» շիական շարժման պատճառով․ «Հըզբոլլահի պատճառով։ Նրանք (Լիբանանը) չեն ընդգրկվել համաձայնագրում։ Դրա մասին էլ հոգ կտանեն։ Ամեն ինչ կարգին է»,- ասել է Թրամփը PBS լրագրողի հետ հարցազրույցում՝ հարցին, թե ինչու է Թել Ավիվը շարունակում հարվածել իր հարևանին։
Սակայն, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարեց, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումը, որի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված հրադադարի համաձայնագրի խախտում է․ «Լիբանանը նույնպես ընդգրկված է Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված հրադադարի ռեժիմում։ Լիբանանի դեմ այսօրվա [իսրայելական] հանցագործություններն այդ համաձայնագրի ակնհայտ խախտում են»։
Օրվա երկրորդ կեսին Իրանի ԱԳՆ-ն հայտնեց, որ արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ՝ քննարկելով Լիբանանում և Իրանում Իսրայելի հրադադարի խախտումների հարցը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունն էլ հայտնեց, որ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը Ֆարս նահանգի Լար քաղաքի երկնքում Hermes 900 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել՝ նշելով, որ ցանկացած ամերիկյան կամ սիոնիստական թշնամական ինքնաթիռի մուտքը երկրի օդային տարածք, նույնիսկ առանց ռազմական գործողությունների, կհամարվի հրադադարի խախտում։ Կհետևի վճռական պատասխան։ Իրանի զինված ուժերն էլ հայտարարություն տարածեցին այն մասին, որ չեն վստահում ԱՄՆ-ին և Իսրայելին և հետևում է տարածաշրջանում նրանց բոլոր շարժումներին։ Նրանց սխալի դեպքում իրենք ավելի կործանարար հարվածով կպատասխանեն, քան նախկինում։
Ավելի ուշ Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրեց, որ Իրանն անօդաչու թռչող սարքով հարձակում է սկսել Սաուդյան Արաբիայի՝ Պարսից ծոցի ափից Կարմիր ծով նավթ տեղափոխող «Արևելք-Արևմուտք» խողովակաշարի վրա։ Պարբերականի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է 1200 կիլոմետրանոց երկարությամբ խողովակաշարի երկայնքով գտնվող պոմպակայաններից մեկը։ Այդ երթուղին Սաուդյան Արաբիայի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս նավթ արտահանել՝ շրջանցելով Պարսից ծոցը մնացած աշխարհի հետ կապող Հորմուզի նեղուցը։ Խողովակաշարը Սաուդյան Արաբիայի համար փաստացի տնտեսական կենսական նշանակություն ունեցող այլընտրանքային միջոց է դարձել։
Հրադադարի հայտարարումից դեռ 24 ժամ էլ չէր անցել Պակիստանի վարչապետը հայտնեց հրադադարի խախտումների մասին․ «Հակամարտության գոտու մի քանի վայրերում հրադադարի խախտումներ են գրանցվել, ինչը խաթարում է խաղաղության գործընթացի ոգին։ Ես անկեղծորեն և ամբողջ սրտով բոլոր կողմերին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- գրեց նա X սոցիալական ցանցում ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ էլ հայտնեց, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու Իրանի պայմաններից մեկը Լիբանանում հրադադարն է։
Արդեն ուշ երեկոյան էլ Քուվեյթի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Քուվեյթի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ դարձել են իրանական անօդաչու սարքերի հարձակման թիրախ։ Այդ ընթացքում Թեհրանում գործի էին դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՕՊ համակարգերը թիրախավորում են անօդաչու թռչող սարքերը, սակայն դրանց արձակման վայրը դեռևս անհայտ է:
Օրվա լրահոսն Իրանի մասին սահմանափակվեց նրանով, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ճեպազրույցում հայտարարեց, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ծանր վիրավորվել է։ Ըստ Հեգսեթի՝ Խամենեին, իբր, «վիրավորվել և այլանդակվել է», իսկ իրանական արդյունաբերությունը գործնականում ոչնչացված է։ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ԱՄՆ զինված ուժերը լիովին մարտունակ են՝ չնայած հրադադարին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Իրանի ներկայացուցիչները ԱՄՆ-ին ներկայացրել են վերանայված ծրագիր, որը հիմք է դարձել հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների համար․
«Իրանցիները սկզբում ներկայացրել են 10 կետից բաղկացած ծրագիր, որը հիմնարար անլուրջ էր, անընդունելի և ամբողջությամբ մերժվել է։ Նախագահ Թրամփը և նրա բանակցային թիմն այն բառացիորեն աղբարկղ են նետել։ Այս սենյակում ներկա շատ լրատվամիջոցներ սխալմամբ հաղորդել են, որ այս ծրագիրը ընդունելի է Միացյալ Նահանգների համար, բայց դա ճիշտ չէ»։
Լևիթը պնդել է, որ ԱՄՆ նախագահի՝ Իրանին վերջնագիր ներկայացնելուց և ԱՄՆ զինված ուժերի հարվածների շարունակությունից հետո Թեհրանն «ընդունել է իրականությունը»։ «Նրանք նախագահին և նրա թիմին ներկայացրել են ավելի ողջամիտ, բոլորովին այլ և ավելի հակիրճ ծրագիր։ Նախագահ Թրամփը և նրա թիմը որոշել են, որ նոր փոփոխված ծրագիրնաշխատանքային հիմք է բանակցությունների և մեր սեփական 15 կետից բաղկացած առաջարկի հետ համաձայնեցման համար»,- հավելել է նա։
Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է Իրանի հետ բանակցել միայն այն պայմանով, որ Հորմուզի նեղուցը բաց մնա նավագնացության համար, նշել է Լևիթը։
Ամփոփելով՝ նշենք, որ դեռ 24 ժամը չլրացած հրադադարը կարծես իրոք փխրուն է և իրադարձությունների նույնատիպ զարգացման դեպքում գուցե բանակցությունները չհասցնեն կայանալ։