Հասարակություն Մշակույթ 

Տարվա հայուհիները, որոնք չեն մոռացել իրենց հայկական արմատների մասին

analitik.am

Ռուսարմինֆոն ներկայացրել է այն հայուհիներին, որոնք աչքի են ընկել անցնող տարում:

23-ամյա Արմինե Հարությունյան հայտնի է դարձել «Gucci»-ի գարուն-ամառ 2020 ցուցադրությունից հետո, որին մասնակցել է որպես մոդել:

Արմինեն համաշխարհային նորաձևության հարթակին հայտնվել է պատահականորեն: Նա քայլելիս է եղել Բեռլինի փողոցներից մեկով, երբ իրեն մոտեցել է «Gucci»-ի ներկայացուցիչներից մեկը և ցուցադրությանը մասնակցելու  հրավեր արել: Ցուցադրությունից հետո Արմինեն հայտնվել է հայկական ԶԼՄ-ների և հասարակության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր հաջողության, այլև տարբերվող արտաքինի համար:

Արմինեն պատմել է, որ ոճաբանները ցուցադրությանը նախապատրաստելիս իր արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ չեն արել՝ գնահատելով իր հայկական բնական գեղեցկությունը:

 

2019 թ. ապրիլին ֆրանսիական «Institut Choiseul» վերլուծական կենտրոնը կազմել է Ռուսաստանում մինչև 40 տարեկան տնտեսական առաջատարների ցանկ, որում միակ հայուհին եղել է Տաշիր ընկերության  փոխնախագահ 29-ամյա Տաթևիկ Կարապետյանը: Վերջինս այդ առիթով հրավիրվել է Փարիզ և հանդիպել Սենատի ներկայացուցիչների և Ֆրանսիայի արտգործնախարարի հետ:

2019 թ. օգոստոսին «Forbes» ամսագրին տված հարցազրույցում Տաթևիկը պատմել է իր հայկական ազգային դաստիարակության մասին:

2019 թ. հունիսին 7-ամյա Անջելինա Մկրտչյանը ճանաչվել է Թուրքիայում անցկացվող Մինի-միսս Տիեզերք-2019 գեղեցկության մրցույթի հաղթողը:

Փոքրիկ հայուհին գերել է ժյուրիի անդամներին, որոնց կազմում եղել են հայտնի դիզայներներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Հայկական տարազով գեղեցկուհին հրավիրվել է Փարիզ ֆրանսիացի դիզայներ Պիեր Կարդենի կողմից:

Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Երևանում անցկացվող WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովին և այդ ընթացքում իր ավագ քրոջ հետ Էջմիածնում մկրտել է իր երեխաներին և զարմիկներին:

«Հայաստան, շնորհակալություն անմոռանալի ուղևորության համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեխաներիս հետ միասին մկրտված լինելը օրհնություն է: Այն երբեմն անվանում են Հայ առաքելական եկեղեցու Վատիկան», - գրել է Քիմն ինսթագրամյան իր էջում:

Ռուսարմինֆո կայքն անդրադարձել է նաև հայ մայրեր Լիլիթ Ավագյան – Բուշին, որը ինսթագրամյան իր էջում հաճախ է հրապարակում, թե ինչպես է սովորեցնում իր որդուն հայերեն, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանին, որն իր երրորդ կրտսեր երեխային անվանել է ամուսնու՝ Տիգրան Քեոսյանի տատի պատվին՝ Մարո:

Նույն շարքից