Բարի օր Հասարակություն 

Ես մի օր դուրս կգամ բանտից, վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին. Մալյան

analitik.am

«Հրապարակի» զրուցակիցը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նարեկ Մալյանն է, ում նկատմամբ օրերս առաջին ատյանի դատարանը դատավճիռ արձակեց։
Հրապարակ- Դատարանը Ձեզ 1 տարվա ազատազրկման դատապարտեց, որից 7 ամիսն արդեն կալանավայրում եք, 5-ը դեռ առջևում է։ Ձեզ նախկինում էլ են նման մեղադրանք առաջադրել, սակայն արդարացվել էիք, այս անգամ ինչո՞ւ դատապարտեցին, իշխանությունները Ձեզ պատժո՞ւմ են, թե՞ ցանկանում են չեզոքացնել՝ հնարավոր նոր զարգացումներից առաջ, հաշվի առնելով, որ գարուն է, իսկ գարնանը քաղաքական կյանքն ակտիվանում է։

Նարեկ Մալյան- Որքան եմ նստել, որքան է մնացել... մաթեմատիկան ինձ բացարձակ միևնույն է: Ինձ իմ ապօրինի ազատազրկումն այդքան չի հետաքրքրում, որքան այս իշխանավորների ապօրինի ազատությունը: Ինձ չեն կարող նեյտրալիզացնել: Կալանքները կանխատեսելի էին, գնալով իշխանությունն ավելի է կոշտացնելու իր մեթոդները: Բոլոր քաղբանտարկյալների հիմնական ձեռքբերումը համարում եմ իշխանությունների «ժողովրդավար» դիմակի պատռումը, ինչն իշխանության համար անդառնալի հետևանք է: Ռեպրեսիան ցանկացած իշխանության ամենավերջին գործիքն է: Մի քիչ ցինիկ է հնչում, բայց որքան շուտ իշխանությունը ձևական դեմոկրատիայից անցում կատարի ռեպրեսիաների, այնքան շուտ կավարտվի: Քաղբանտարկյալներն իրենց գոյությամբ հասան այդ վերջնական և անջնջելի արձանագրմանը: Իշխանությունն այլ ելք չունի, քան շարունակել ռեպրեսիաները` հընթացս ավելացնելով դրանց կոշտության և ապօրինության դոզան: Սա իր հերթին գեներացնում է հանրային ատելություն և իրական հակազդեցություն: Այս պահին իշխանությունը պատմականորեն ամենաատելին է, և այդ ատելությունը գնալով խորանում է: Ես ՔՊ-ականների փոխարեն լինեի, խորապես կմտահոգվեի այս հեռանկարից: Ատելության գերդոզավորումը կարող է անկառավարելի դարձնել հանգուցալուծումը: Ինչ վերաբերում է գարնանը, պայքարի համար բոլոր եղանակները հարմար են: Ֆիդել Կաստրոն Ամանորի գիշերն իրականացրեց Կուբայի հեղափոխությունը:

Հրապարակ- Ի՞նչ եք պատրաստվում անել 5 ամիս անց, երբ ազատության մեջ լինեք։ Ակտիվ քաղաքական-հասարակական կյանքո՞վ եք ապրելու, թե՞ արձակուրդ կվերցնեք։

Նարեկ Մալյան- Երբ ինձ բանտարկեցին, Արցախը հայկական էր: Ես բանտում այդպես էլ չադապտացվեցի այդ կորստին: Տպավորություն է, որ սա մղձավանջ է, և արթնանալուն պես ցավը կանցնի: Առաջին հերթին բանտից դուրս գալուց պետք է ադապտացվել նոր ու ցավալի իրականությանը: Ես, անկեղծ, չգիտեմ՝ նման տեմպերով 5 ամսից իմ հայրենիքից ինչ մնացած կլինի: Արդյոք ես 5 ամիս անց ընդհանրապես հայրենիք կունենա՞մ: Դատարանի վճռից բոլորին ակնհայտ դարձավ իշխանության կոշտ և բացահայտ միջամտությունը դատավորների վրա: Ինքնավստահ իշխանությունը երբեք նման գռեհիկ ապօրինությունների չի գնա: Հետևաբար փաստենք, որ այս իշխանությունն այլևս անվերադարձ զրկված է հանրային աջակցությունից, և հույսը ռեպրեսիաներն են: Սա խոսում է իշխանության դիրքերի թուլության մասին, և, հավատացնում եմ՝ արժեր անցնել հալածանքների և բանտարկության Գողգոթան, որպեսզի այդ ճանապարհին քո աչքերով տեսնես իշխանության սարսափը: Հանրային կյանքն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Ինձ համար դա հանրության առաջ հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունների ծանր բեռ է, որի ծանրությունը համբերատար կրում են նաև իմ հարազատներն ու իսկական ընկերները: Երբեք չեմ հասկացել այն գործիչներին, ովքեր մեկ հատ ավել հարցազրույցի համար իրար գլուխ են ջարդել: Ասելիքի բացակայության պայմաններում խոսում են միայն զավզակները: Ինձ համար պայքարի ֆորմատը միշտ եղել է երկրորդական: Նման պայքարների ժամանակ բանտը հարկադիր արձակուրդն է:

Հրապարակ- Հետևո՞ւմ եք քաղաքական զարգացումներին` օրակարգում Տավուշի 4 գյուղերի հանձնումն է, ի՞նչ հանգուցալուծում կստանա հարցը, հանրային-քաղաքական դիմադրություն կլինի՞։

Նարեկ Մալյան- Տարածքներ՝ իշխանության դիմաց: Սա այս իշխանության կարգախոսն է: Սրանք հանուն մի քանի օրով իրենց իշխանության երկարացման, պատրաստ են թշնամուն հանձնել ամեն ինչ: Իշխանությունը պահելը սրանց համար դարձել է կյանքի նպատակ: Դիմադրությունը և բողոքի ցույցը պայքարի լրիվ տարբեր մեթոդներ են: Դա սահմանվել է 1970 թ., Գերմանիայում: Երբ մարդիկ ինչ-որ երևույթի հետ համաձայն չեն լինում, իրականացնում են բողոքի ցույցեր: Երբ մարդիկ հասկանում են, որ բողոքի ցույցերով անհնար է կանխել անցանկալի երևույթը, անցնում են գործնական քայլերի կազմակերպման, այսինքն՝ դիմադրության: Մեր երկրում առայսօր հստակություն չկա պայքարի մեթոդիկայի մասով: Արդյունավետ դիմադրություն կլինի այն ժամանակ, երբ այդ դիմադրությունը կազմակերպեն վճռական առաջնորդներ:

Հրապարակ- Ընդդիմությունը վերջին շրջանում Ոսկեպարում է, հանրահավաք տեղի ունեցավ, գո՞հ եք ընդդիմության գործողություններից: Եթե ազատության մեջ լինեիք, ի՞նչ կանեիք:

Նարեկ Մալյան- 6 տարի է, ինչ իշխանության է այս ազգակործան խմբակը: 6 տարվա պայքարի ընթացքում ընդդիմությունը նույնիսկ կես քայլով չի մոտեցել իշխանափոխությանը: 6 տարվա ընթացքում այդպես էլ հանրությանը չի ներկայացվել նույնիսկ ամենատարրական հարցի պատասխանը` արդյոք կա՞ Նիկոլին փոխարինող կոնկրետ մարդ: Այս 6 տարիների ընթացքում մեր բոլորի աչքի առջև ընդդիմադիր զավզակներն իրարից միկրոֆոն էին խլում հարթակում, իսկ երբ գալիս էր վճռական առաջնորդության պահը, տարբեր պատճառաբանություններով հրապարակում հավաքված մարդկանց ցասումը փոխակերպում էին իշխանությանը ձեռնտու անիմաստ գործողությունների: Օրակարգ, Ծրագիր, Վճռականություն․․․ Այս 3 պարտադիր բաղադրիչներից նույնիսկ մեկի բացակայությունը հարթակում կանգնած խրոխտ ելույթ ունեցողին դարձնում է զավզակ, շառլատան: Սիրելի հայեր, եթե ձեզ փողոց դուրս գալու և առաջնորդելու կոչ անողն այս 3 բաղադրիչներից նույնիսկ մեկը չունի, ձվերով ու պոմիդորներով հարվածեք այդ սրիկային, մի թողեք, որ ամեն պատահական մարդ առաջնորդության հայտ ներկայացնի: Անվճռական, անօրակարգ և անծրագիր առաջնորդներն ուղղակի գանձ են այս իշխանության համար: Եթե ես լինեի ազատության մեջ, կանեի այն, ինչ արել եմ վերջին 6 տարում: Կփորձեի ձևավորել գրագետ և իրապես հայրենասեր առաջնորդություն: Երևանում, այլ ոչ թե Ոսկեպարում ստեղծել արդյունավետ դիմադրության օջախներ: Հանրությունը պատրաստ է, պակասում են իմ թվարկած 3 կետերով առաջնորդները: Ի դեպ, հանուն արդարության ցանկանում եմ շեշտել, որ արդյունավետ առաջնորդների փայլուն թեկնածուներ կան նաև այսօրվա ընդդիմության ներսում, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից