Հասարակություն Տեսանյութեր 

Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի

analitik.am

Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի։ Քաղաքացիները նաև մոմավառություն իրականացրեցին։

Հիշեցնենք, որ  2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում։
Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։ Մահվան ելքով վրաերթն իրականացրած մեղադրյալ Արամ Նավասարդյանն ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատ է արձակվել։ Ըստ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարության՝ վարույթն իրականացնող մարմնի կարծիքով մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նույն շարքից