Բարի օր Հասարակություն 

Օրվա ծնունդը. Գրիգոր Ղափանցյան

analitik.am
Հայ լեզվաբան-հայագետ Գրիգոր Ղափանցյանը (1887թ., փետրվարի 17, Աշտարակ - 1956թ., մայիսի 3, Երևան) բարձրագույն կրթությունն ստացել է Պետերբուրգի համալսարանում` ավարտելով արևելյան լեզուների ֆակուլտետը, աշակերտել է Նիկողայոս Մառին։ Զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ նախ` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա ԵՊՀ-ում (1921-ից)։ Եղել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ղեկավար (1950-1956)։
 

1930թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 1942թ.-ին` գիտության վաստակավոր գործչի կոչում, ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամներից է, եղել է նրա հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ունեցել է պատմաբանասիրական հետաքրքրություններ:

Հայերենի ծագման և ցեղակցության վերաբերյալ զարգացրել է այն տեսությունը, թե նրա մեջ առկա է երկու շերտ` հնդեվրոպական և տեղական, ընդ որում` հիմնականը տեղական շերտն է։ Տեղական ասելով` նա հասկանում էր փոքրասիական և կովկասյան այն լեզվանստվածքը, որը, անվանի հայագետի կարծիքով, խոր արմատներ ունի հայերենում։

Իր մենագրություններում և բազմաթիվ հոդվածներում ուշագրավ դիտողություններ է արել տեսական լեզվաբանության, հայերենի զարգացման պատմության, հայ ժողովրդի կազմավորման ակունքների, նրա հնագույն լեզվաէթնիկական առնչությունների վերաբերյալ։
 
Վախճանվել է Երևանում։

Նույն շարքից