Միջազգային 

Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում։

«Էրմենիհաբեր»-ը գրում է. «Բովանդակային առումով Էրդողանի ուղերձը էականորեն չի տարբերվում նախորդ տարիների ուղերձների տեքստից, քանի որ նորից հավասարության նշան է դրվում հայերի և Օսմանյան պետության մյուս քաղաքացիների կրած տառապանքների և զրկանքների միջև՝ բնականաբար անտեսելով հայերի դեմ ծրագրված էթնիկ զտման քաղաքականությունը։

Չնայած իր ուղերձի տեքստում Թուրքիայի նախագահը նշում է, որ ցավակցում է առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ոչ բարենպաստ պայմանների հետևանքով նահատակված հայերի թոռներին ու սերունդներին, սակայն ցավակցությունն առավելապես ուղղված է Թուրքիայում բնակվող հայ համայնքին։

Այսպիսով Էրդողանն առանձնացնում է իր երկրի քաղաքացի հայերին, սփյուռքից և Հայաստանի հայերից՝ նպատակ ունենալով տարանջատում մտցնել հայության տարբեր շերտերի միջև։

Հիշեցնենք, որ 1-ին անգամ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձով էր հանդես եկել 2014 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ փորձելով ցույց տալ, թե Թուրքիայի վերաբերմունքը և մոտեցումը փոխվել է այդ հարցում և նպատակ ունենալով մեղմել  միջազգային հանրության ճնշումը։ Սակայն 2014 թվականին և հաջորդած տարիներին նույնաբովանդակ ուղերձները հստակորեն պարունակում են ցեղասպանության իրողությունը ձևախեղելու և բոլորովին այլ լույսի տակ ներկայացնելու միտումներ»։

Նույն շարքից