Տնտեսություն 

ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը չպետք է հակադրել ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններին. Տնտեսագետ

analitik.am

Եթե 4 տարի առաջ Հայաստանից արտահանման ծավալները չէին գերազանցում 2 մլրդ դոլարը, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 9 մլրդ դոլարի։ Այս մասին հունիսի 25-ի քննարկման ժամանակ հայտնել է տնտեսագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը, որտեղ ընդգրկված է Հայաստանը, դրական եւ բացասական կողմեր ունի, սակայն ակնկալիքները լիովին չեն արդարացվել։ Նրա գնահատմամբ՝ դրան զուգահեռ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանում տեղի են ունենում դրական հոսքեր, երկիրը հանդես է գալիս որպես առեւտրային միջանցք։

Փորձագետն ավելացրել է, որ փոխվում է նաեւ արտահանման կառուցվածքը, Հայաստանը սկսել է մեծ ծավալներով արտահանել նաեւ էլեկտրատեխնիկա, բջջային հեռախոսներ եւ այլն։

Տնտեսագետը նշել է, որ ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմում է 7,6-7,7 մլրդ դոլար ավելի քան 20 մլրդ դոլար ընդհանուր ծավալի դեպքում, այն դեպքում, երբ Եվրամիության հետ այդ ցուցանիշը կազմում է 3,6 մլրդ դոլար, այսինքն՝ կրկնակի քիչ։

«Եթե կտրուկ փոխենք ստատուս-քվոն այս իմաստով, ապա ինչպիսի՞ն կլինի արդյունքը։ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են։ Հայաստանը ԵՄ-ի շուկայի համար պոտենցիալ ունի՞։ Համենայն դեպս, ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը չպետք է հակադրել ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններին։ Ոչ մի երկիր չի կարող լինել երկու տնտեսական միություններում միաժամանակ, բայց մենք կարող ենք օգտվել հարաբերությունների հաստատումից երկու կողմերի հետ»,- ամփոփել է Մելքումյանը։

Նույն շարքից