Քաղաքականություն 

Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք ստեղծելով՝ Բաքուն ցանկանում է նվազագույնի հասցնել Թեհրանից կախվածությունը․ Լյուք Քոֆին

analitik.am

Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային կապ ստեղծելն Ադրբեջանի համար կարևոր է Իրանի հետ հարաբերությունների համատեքստում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է նվազագույնի հասցնել Իրանից կախվածությունը, այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում այսօր տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկմանն ասաց Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուք Քոֆինը։

«Բաքվի և Թեհրանի հարաբերությունները արտաքուստ շատ ջերմ են թվում ․․․ սակայն կարող եմ վստահեցնել, որ ներքուստ այս հարաբերությունները բավական բարդ են։ Եվ պատճառը, թե ինչու են ադրբեջանցիները ցանկանում ունենալ այս տարանցիկ միջանցքը, որն Ադրբեջանը Հայաստանի տարածքով կմիացնի Նախիջևանին, այն է, որ հիմա Ադրբեջանը կախված է իրանական ցամաքային տարածքից, իրանական օդային տարածքից։ Նախիջևան առաջին անհրաժեշտության ապրանքները մատակարարելու համար նրանք կախված են Իրանից»,- ասաց նա։

Լյուք Քոֆինը նաև նշեց, որ Ադրբեջանը Իրանից կախվածություն ունի նաև Նախիջևանը բնական գազով ապահովելու հարցում, որն արվում է թուրքմենական բնական գազի սվոփ գործարքի միջոցով։ Նրա խոսքով՝ այս խնդիրը լուծելու համար Ադրբեջանն այժմ աշխատում է Թուրքիայի հետ, որպեսզի կառուցի գազատար, որը Թուրքիայից գազ կհասցնի Նախիջևան։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում կարևոր են նաև դրանց պատմությունը, կրոնական բաժանումները, աշխարհաքաղաքական խնդիրներն ու դժվարությունները։ Օրինակ՝ այն, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ զենք է տրամադրել Հայաստանին, կամ այն, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Իրանի տարածքն օգտագործել է Հայաստան սպառազինություն մատակարարելու համար։ Կամ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում բնակվող միլիոնավոր ազերիները։

«Կասկած չունեմ, որ Բաքուն ցանկանում է ջերմ հարաբերություններ ունենալ Թեհրանի հետ, սակայն երբ հարցը վերաբերում է Նախիջևանին, նրանք չեն ցանկանում կախված լինել Իրանից»,- ասաց Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուք Քոֆինը։

Նույն շարքից