Բարի օր Հասարակություն Տնտեսություն 

Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է

analitik.am

SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է:

Doing Digital Forum-ն այս տարի կներկայանա նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։

Նա նորարարության, ֆինանսական ծառայությունների և թվային փոխակերպման փորձագետ է, վերջին տարիներին ամենապահանջված խոսնակներից մեկն աշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու: DDF24-ը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Doing Digital պլատֆորմի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշում է. «Այս տարի Doing Digital Forum-ում առանձնացվելու են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական և տնտեսության տարբեր ոլորտներ։ Մեր նպատակն է միավորել թվային տնտեսության տարբեր դերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելու տարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսական տեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայն կիրառություն»։

Ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկը արդեն երկրորդ տարին Doing Digital Forum-ի կողքին է։

«Մեզ համար տնտեսության թվային փոխակերպումը կյանքի որակի բարելավման գործիք է, սոցիալական փոփոխությունների և տնտեսական աճի շարժիչ ուժ: Ոլորտի լավագույն մասնագետների հետ թվային փոխակերպման օրակարգը Հայաստան բերելով` մենք նպատակ ունենք միասին նախանշել ֆինթեքի ապագան մեր երկրում և կիսվել ոլորտի համակարգային զարգացմանն ուղղված մեր փորձով», - ասում է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Առաջատար խոսնակների ելույթների, պանելային քննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերով DDF24-ը կշոշափի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային փոխակերպումները տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը և այլ մարտահրավերներին դիմագրավելուն:

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:

Երկրորդ տարին անընդմեջ միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը Apricot Capital-ն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը։ Ֆորումի գործընկերներն են Ucraft-ն ու Hoory-ն։

Նույն շարքից