Գիտնական Կ.Լևինը փորձարարական տվյալների հիման վրա մշակեց և հիմնավորեց ղեկավարման ոճերի հայեցակարգը՝ առանձնացնելով երեք հիմնական ոճերը` ավտորիտար, դեմոկրատական և լիբերալ կամ ոճեր: Կախված մարդու բնավորությունից և այն միջավայրից, որում նա գտնվում է` կարող է դրսևորվել այս ոճերից որևէ մեկը կամ յուրաքանչյուրից որևէ տարր:
Ավտորիտար կառավարման ոճը բնութագրվում է ղեկավարման բարձր կենտրոնացվածությամբ, միանձնյա որոշումների ընդումամբ: Ենթակաների հիմնական կապի ձևը հրամաններն ու հրահանգներն են, կոպիտ վերահսկողությունը, նկատողություններն ու պատժամիջոցները: Առանձին աշխատակիցների նախաձեռնությունները, կամա թե ակամա, անտեսվում և ճնշվում են: Կոլեկտիվի անդամների մոտ ցածր է պատասխանատվությունն ընդհանուր գործի համար, և ղեկավարի բացակայության դեպքում կոլեկտիվի աշխատանքի արդյունավետությունն նվազում է, ինչը կազմակերպության գործունեության վրա բացասաբար է անդրադառնում:
Ժողովրդավարական կամ դեմոկրատական կառավարման ոճը ենթադրում է իշխանության ապակենտրոնացում և պատվիրակում: Ենթակաները մասնակցում են որոշումներ ընդունելու գործընթացներին, և խրախուսվում են նրանց նախաձեռնությունները: Ղեկավարն անհատական մոտեցում է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ, ընդունում է քննադատությունը, իսկ ճգնաժամային իրավիճակների դեպքում պատասխանատվություն է կրում:
Լիբերալ կամ ազատական կառավարման ոճի ժամանակ բարձիթողի վիճակում են հայտնվում հիմնարկի գործերը: Լիբերալ ղեկավարը նախընտրում է ենթակաների հետ ընկերական – եղբայրական փոխհարաբերություններ հաստատել, միասին զվարճանալ, շատախոսել: Նա կամքի ուժ չունի, վախենում է որոշումներ, վճիռներ կայացնելուց և խուսափում է պատասխանատվությունից: Սակայն այս ոճի կիրառումը հասուն և զարգացած կոլեկտիվում կարող է շատ դրական արդյունքներ տալ:
Կառավարչի դեր ստանձնելուց առաջ փորձեք հասկանալ այն կոլեկտիվի առանձնահատկությունները, որին կառավարելու եք և ընտրեք այն ոճը, որը ըստ ձեզ կհամապատասխանի այդ կոլեկտիվին և մի մոռացեք... ամենակարևորը, որ այդ ոճը ձեզ հոգեհարազատ լինի և դուք սիրով այն կիրառեք:
Հովսեփյան Սյուզաննա