Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց թիվն աշխարհում տարեց տարի աճում է

analitik.am

Ամեն տարի «Ford Motor Company»-ն հրատարակում է «Ford Trends»-ի գլոբալ ուսումնասիրության արդյունքները՝ տարբեր երկրներում շուրջ 9,000 մարդկանց շրջանում անցկացրած հարցումների հիման վրա։ Ուսումնասիրությունը վերաբերվում է ժամանակակից հասարակության կյանքի սոցիալական, տնտեսական, քաղաքական և տեխնոլոգիական ասպեկտներին։

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր վիճակագրություն «Ford»-ի հետազոտություններից, որն արտացոլում է 2017-2018 թվականների համաշխարհային թրենդները:

Պարբերաբար փոփոխվող աշխարհում մարդիկ շատ հաճախ զգում են անհանգստություն տարբեր հարցերի հետ կապված: Հիմնականում մարդիկ անվստահությամբ են  լցված սեփական երկրի իշխանությունների նկատմամբ, և այդ անվստահությունը գնալով աճում է, ինչպես նաև անվստահության ակնհայտ աճ է նկատվում քաղաքական գործիչների գործողությունների նկատմամբ, որոնք շատ հաճախ մարդկանց  թվում են քաոսային և հակասական:

Այսպես, հարցվածների 66% -ը մտահոգված է աշխարհում լայնամասշտաբ փոփոխություններով և մարդկանց մեծ մասը չգիտի, թե ում հավատալ. բրազիլացիների 78 %-ը, ամերիկացիների 72 %-ը, բրիտանացիների 67 %-ը և գերմանացիների 58 %-ը համոզված են, որ իրենց երկիրն ինքնության ճգնաժամ է ապրում: Նշվում է, որ տարբեր երկրներում տիրող անկայուն վիճակի պատճառով շատերը վախենում են կորցնել իրենց աշխատանքը, իսկ 18-29 տարեկան հարցվածների 51% -ը մշտապես գտնվում է գործազուրկ լինելու վախի մեջ:

Գաղտնիք չէ նաև այն, որ ներկայումս մարդիկ սկսել են շատ սուր ընկալել սոցիալական խնդիրները, մտահոգված են գենդերային, ռասայական և սոցիալական անհավասարության հարցերով:

Հարցվածների 81% -ը կարծում է, որ աղքատների և հարուստների միջև եղած տարբերությունն այժմ շատ մեծ է՝  հատկապես վերջին մի քանի տարում: Համաձայն «Oxfram»- ի աղքատության դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի՝ աշխարհի բնակչության 1% -ն ավելի հարուստ է, քան մնացած 99%-ը միասին վերցրած։

Կարևոր է նաև այն, որ հարցման մասնակիցների մեծամասնությունն ավելի ու ավելի շատ է պատրաստակամ արտահայտել իրենց կարծիքը հրատապ խնդիրների վերաբերյալ, քանի որ հարցվածների 76% -ը համոզված է, որ հենց իրենք կարող են ազդել աշխարհում կատարվելիք փոփոխությունների վրա։

Վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց դեպրեսիայի իրական համաճարակի մասին: Պարզվեց, որ հարցվածների 73% -ը դժգոհում է անքնությունից, մշտական անհանգստության զգացումից և սթրեսային վիճակից՝ հատկապես 18-29 տարեկան երիտասարդները: Տարբեր երկրներում, հարցվածների 50% -ի կարծիքով, ներկայումս նրանք գտնվում են ավելի մեծ սթրեսի մեջ, քան մեկ տարի առաջ։

Նշվում է նաև, որ այնպիսի զբաղմունքները, ինչպիսիք են սոցցանցերում լինելը և հեռուստացույցի առաջ ժամերով նստելը, այլևս համարվում են անվնաս։ Հարցվածների մի մասը գտնում է, որ այդ զբաղմունքները բավականին կարևոր են և արդյունավետ։ Հատկանշական է, որ մարդկանց մեծ մասն օրական վատնում է 50 րոպե՝ օգտվելով «Facebook»-ից և «Instagram»-ից։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից